Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

Մարտ 06,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։

Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։

Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական զարգացումները։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ընդգծելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ մենագրությունը՝ փաստագրական մեծածավալ նյութի առատ կիրառմամբ և վերլուծությամբ, մեզ ներկայացնում է, թե ինչպիսի պայմաններում և ինչպես առաջացավ Ադրբեջան պետությունը, ինչպես ի հայտ եկավ թյուրքախոս, մուսուլման մի նոր հանրույթ, որի համար երկար դեգերումներից հետո ընտրվեց ադրբեջանցի եզրույթը։

«Այս մենագրության կարևորությունը կայանում է արխիվային փաստաթղթերի լայն շրջանակի կիրառմամբ։ Մի կարևոր շեշտադրում ևս՝ սկզբնաղբյուրային բազան, փաստաթղթերն իրապես օգտագործված են մասնագետի ճշգրիտ ընտրությամբ և նշանակության վերհանմամբ։ Այսօրինակ հետազոտությունները կյանքի պիտի կոչվեն նորերին հենք լինելու համար, պիտի հրատարակվեն դիվանագետի ու պատմաբանի արսենալը հարստացնելու, տարածաշրջանի պատմությունն ուսումնասիրող ուսանողից մինչև հետազոտող գիտնականի»,-նշեց հետազոտող-վերլուծաբանը։

Մենագրության հեղինակ Անուշ Հարությունյանը նշեց, որ աշխատությունը փորձ է խորը և բազմակողմանի վերլուծելու պատմական, քաղաքական և աշխարհաքաղաքական այն բարդ գործընթացները, որոնք հանգեցրին Ադրբեջանի՝ որպես պետության ձևավորմանը, որն ընդգրկում է 1918-1939 թվականները։

«Մենագրության շրջանակում քննարկվում են երկու առանցքային հարցեր՝ Արևելյան Այսրկովկասի տարածքում «Ադրբեջան» անվամբ անկախ պետության ստեղծման պատմաքաղաքական հանգամանքներն ու այդ պետության ներսում տիտղոսակիր ժողովրդին «ադրբեջանցի» անվանելու գործընթացները»,- ընդգծեց հեղինակը։

Խոսելով ժամանակի միջազգային հանրության շրջանում տվյալ տարածքում Ադրբեջան պետության, բնակչության էթնիկ պատկանելության մասին՝ հեղինակը նշեց, որ չկար ընկալում, չկային հստակ սահմաններ, որոնք երբևէ ճանաչվել են որևէ այլ պետության, վեհաժողովի կամ միջազգային կազմակերպության կողմից։ Մինչդեռ այսօր Ադրբեջանի սահմանադրությունը հղում է կատարում անկախության վերականգնման մասին ակտին՝ իրեն համարելով 1918-1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ՝ ժխտելով խորհրդային իշխանությամբ ձևավորված իրողություններն ու սահմանները։

«Մենագրության մեջ անդրադարձ է կատարվել հայ-թաթարական բախումներին (1905-1906 թթ․), 20-րդ դարի սկզբին Արևելյան Այսրկովկասի մահմեդականների շրջանում քաղաքական հոսանքների ստեղծմանը, ադրբեջանական պաշտոնական պատմագրության ստեղծման փորձերին (1940-ական թթ․), առանց որոնց մեր ուսումնասիրությունը չէր լինի ամբողջական և անհրաժեշտ չափով հիմնավոր»,- իր խոսքում նշեց Անուշ Հարությունյանը։

Մենագրության խմբագիր, պ․գ․դ․ Ալեքսան Հակոբյանը, կարևորելով աշխատանքը, ընդգծեց, որ Անուշ Հարությունյանին հաջողվել է ցույց տալ ադրբեջանցի էթնոսի կազմավորումը։ «Մենք ադրբեջանցիներին գիտական մակարդակով ցույց ենք տալիս, թե ով ով է, ինչ է»,- ընդգծեց Ա․ Հակոբյանը։

Իր խոսքում ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը նշեց․ «Որպես կրթության կազմակերպիչ՝ կարող եմ նշել, որ աշխատանքն ունի գիտական, կիրառական կարևոր նշանակություն՝ հատկապես կովկասագետների համար»։

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանը, քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության, Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ԵՊՀ-ից, ոլորտի մասնագետներ, հարցով հետաքրքրված քաղաքացիներ։

 

«ԳԵՂԱՐԴ»
ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31