Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

Մարտ 06,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։

Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձևավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև հետևանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով։

Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկված յուրաքանչյուր մարմին, կազմակերպություն, ինչպես նաև յուրաքանչյուր անհատ իրեն վերաբերելի մասով պետք է ամենօրյա քայլեր ձեռնարկի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացման ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով հետևանքները։

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվել է միջազգային առաջավոր փորձի տևական և խորքային ուսումնասիրությունների հաշվառմամբ։ Հաշվի են առնվել նաև Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետալի դեպքերից քաղված դասերը և տրվել են համապատասխան լուծումներ։

▪️Ըստ այդմ, «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, ընդ որում բոլոր սուբյեկտների համամասնական և փոխգործելի ներգրավվածությամբ։

▪️Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները և յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝  այդպիսով ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային և տեղային (օբյեկտային) մակարդակներ։

▪️Նախագծով ամրագրվում է թվային գործիքակազմի ընդլայնում ևս, մասնավորապես՝ գործընթացների կառավարումն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային և արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռնվում է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ վարելու հնարավորություն։

▪️Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի (մահվան), ինչպես նաև անձի գույքին և առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրության գաղափարը, որի մոդելը կընտրվի և այլ մանրամասները կսահմանվեն ենթաօրենսդրական ակտով։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31