Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմանալով նաև Ռուբեն Վարդանյանին՝ վստահ չեմ, որ նա կդադարեցնի հացադուլը։ Անհանգիստ եմ նրա և Մանե Թանդիլյանի առողջության համար»․ Նարինե Աղաբալյան

Մարտ 06,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այստեղ եմ այցելելու Մանե Թանդիլյանին։ Ես անհանգիստ եմ թե′ Ռուբեն Վարդանյանի, թե′ տվյալ դեպքում Մանե Թանդիլյանի առողջության համար։ Իհարկե, խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր այդ քաջությունն ունեցան՝ դիմելով անձնազոհության իրենց դիրքորոշումը հայտնել, իրենց զորակցությունը հայտնել մեր հայ գերիներին»,-Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

Նա ասաց՝ ուզում է խնդրել Մանե Թանդիլյանին դադարեցնել հացադուլը․ «Իմանալով նաև Ռուբեն Վարդանյանին՝ կարծում եմ, որ եթե նա իր համար որոշում է ընդունել երկրորդ անգամ դիմել նման ծայրահեղ քայլի, ուրեմն դրա հիմնավոր պատճառները կան։ Եվ վստահ չեմ, որ նա կդադարեցնի հացադուլը։ Դա նշանակում է, որ մենք՝ բոլորս պետք է մեր բոլոր ջանքերն ուղղենք օգտագործելու, կիրառելու բոլոր հնարավոր միջոցները, գործիքները այլ ճանապարհներով գուցե հասնելու նրան, որ այդ քաղաքական շոուն վերջապես կասեցվի, և մեր հայ գերիները կարողանան վերադառնալ»։

Հետաքրքրվեցինք՝ այն, որ Ադրբեջանի կառավարությունը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին՝ սա ի՞նչ վտանգներով է լի, Նարինե Աղաբալյանը պատասխանեց․ «Դա սպասելի էր։ Ադրբեջանը վաղուց է ցույց տվել իր վերաբերմունքը բոլոր միջազգային անկախ կառույցների նկատմամբ, և կոնկրետ Կարմիր խաչի նատմամբ իրենց առաջին դեմարշը չէ։ Երևի հիշում եք, որ Վագիֆ Խաչատրյանին կարմիր խաչի մեքենայից առևանգեցին, երբ նա Արցախից մեկնում էր Երևան բուժման։ Չնայած մեր՝ մի քանի հայրենակիցներ մնացել են Ստեփանակերտում, բայց Կարմիր խաչին ստիպեցին իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխել։ Սրանք քայլեր էին, որոնք հուշում էին այն մասին, որ Ադրբեջանը հաշվի չի առնում որևէ միջազգային կառույցի սկզբունք և մանդատը, ցանկացած պահի կարող է ընդդիմանալ։ Շատ վատ է, քանի որ այս պահի դրությամբ քիչ թե շատ այդ տեղեկությունները, որ ստանում էինք նաև Կարմիր խաչի պարբերական այցելությունների միջոցով, սա նշանակում է, որ մեր հայ գերիները Բաքվում զրկվելու են նաև այդ հնարավորությունից։ Այստեղ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է ասի իր խոսքը, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր դերակատարները պետք է անցնեն գործի»։

Մեր փաստմանը՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ նման հրապարակային քայլերը խանգարում են իրենց գործողություններին, որոնք կատարվում են ոչ հրապարակային, Նարինե Աղաբալյանն այսպես արձագանքեց․ «Անցել ենք այն գիծը, որ կարելի է ոչ հրապարակային լինել, եթե արդեն հրապարակվել են խոշտանգման ապացույցները, և նույն կառավարությունն ինքը մի քանի անգամ հաստատել է, որ նման միջոցներ կիրառվել են և խոշտանգումներն առկա են, ապա այլևս անիմաստ է թաքցնել որևէ քայլ, որ կատարվում է։ Ընդհակառակը, իշխանությունն ավելի պիտի ցույց տա հենց հասարակությանը, քանի որ հանրային մեծ դժգոհությունը, որ կա, հատկապես խոշտանգման փաստերի հրապարակումից հետո, իշխանությունը պարտավոր է իր ժողովրդին տեղեկացնել՝ կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում և որոնք են արդյունքները։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի կողմից կոնկրետ վկայաբերվել են քայլեր, որոնք կարելի է կիրառել։ Երևի թե կան էլի մեխանիզմներ, գործիքներ, որոնց կիրառմամբ կարելի է ինչ-որ արդյունքի հասնել, և ոչ թե բերեն հասցնեն անդառնալի կետի, երբ ինչ-որ գործարք կկատարվի՝ թեկուզ գերիների օգտին, բայց այդ գինը կլինի ճակատագրական ՀՀ-ի համար։ Սրա մասին է խոսքը»։

Մեր հիշեցմանը՝ բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն էլ կարող է հուզական ելույթներ ունենալ, սակայն դրա օգուտը ո՞րն է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց․ «Հիմա հույզերի ժամանակը չէ, դա պետք է գիտակցեն բոլորը։ Նույն իշխանությունները ոչ թե պետք է արդարանան և հակադարձեն ժողովրդին, եթե անգամ ժողովուրդը ինչ որ բան չի հասկանում և սխալ է մեկնաբանում, ուրեմն կա դրա հիմքը, առիթը, այլ պետք է ակնհայտ լինի այդ շահագրգռվածությունը․ չեմ ասում կոնկրետ քայլերի հաջորդականությունը, բոլոր մանրամասները, բայց գոնե այդ շահագրգռվածությունն իշխանությունների կողմից ակնհայտ տեսանելի պիտի լինի ժողովրդին։ Առայժմ այդ շահագրգռվածությունը չի երևում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31