ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի հայտարարությունը համաշխարհային օտարերկրյա աջակցության կրճատման վերաբերյալ
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 5-ը մարտի 2025թ. – «Հայտարարված և ակնկալվող ֆինանսավորման կրճատումները կսահմանափակեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարողությունը՝ հասնելու ծայրահեղ կարիքի մեջ գտնվող միլիոնավոր երեխաների:
Բազմաթիվ դոնոր երկրների կողմից նմանատիպ կրճատումները հաջորդում են աջակցության վերջին երկու տարիներին արված կրճատումներին` այնինչ երեխաներին աջակցելու կարիքն աննախադեպ ծավալի է հասել: Միլիոնավոր երեխաներ այսօր տուժում են հակամարտություններից, նրանք պետք է պատվաստվեն մահացու հիվանդությունների դեմ, ինչպիսիք են կարմրուկը և պոլիոմիելիտը, և պետք է շարունակեն կրթվել և ստանալ առողջապահական անհրաժեշտ աջակցությունը:
Կարիքների՝ ռեսուրսներին գերազանցելուն զուգընթաց, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հետևողականորեն արդյունավետ աշխատելաոճ և նորամուծություններ է ներդնում աշխատանքում՝ առավելագույնս օգտագործելով ամեն մի ներդրում՝ հասնելու խոցելի երեխաներին: Թերևս այլ ուղի չկա, այս նոր կրճատումները համաշխարհային ֆինանսավորման ճգնաժամ են ստեղծում, ինչը վտանգի տակ կդնի լրացուցիչ միլիոնավոր երեխաների կյանքեր:
Կարդացեք նաև
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարությունների, մասնավոր հատվածի գործընկերների և անհատների կամավոր նվիրատվություններով: Այս աջակցության շնորհիվ մենք կարողացել ենք փրկել միլիոնավոր երեխաների կյանքեր, ապահովել, որ վարակիչ հիվանդությունները ավելի չտարածվեն, մեղմել անկայունության և բռնության ռիսկերը:
Մեր գործընկերների հետ մենք պատմական առաջընթաց ենք գրանցել։ 2000 թվականից ի վեր մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն աշխարհում նվազել է 50 տոկոսով: Միլիոնավոր երեխաներ այսօր ողջ են հենց այս աշխատանքի շնորհիվ։ Եվս միլիոնավոր երեխաներ պաշտպանված են բարելավված առողջապահության և ավելի լավ ապագա ունենալու հնարավորությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը թախանձագին խնդրանքով է դիմում բոլոր դոնորներին՝ շարունակել ֆինանսավորել երեխաներին ուղղված կարևորագույն աջակցության ծրագրերը: Մենք հիմա չենք կարող լքել նրանց»։