«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ
«Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Գյումրիի ավագանու 2025թ. մարտի 30-ի արտահերթ ընտրություններում հավատարմագրվելու նպատակով:
Տեղեկացնում ենք, որ այս անգամ «Ականատես» դիտորդական դաշինքին կմիանա նաև «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը։
Միաժամանակ հայտարարում ենք, որ շահերի բախման իրավիճակից խուսափելու նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կդիտարկի առանց նախաձեռնության անդամ՝ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության մասնակցության։ Պատճառը կազմակերպության խորհրդի նախագահի՝ Լևոն Բարսեղյանի՝ Գյումրիի ավագանու անդամության թեկնածու լինելն է։
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կամ կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ։
Դիտորդական առաքելությունն իրականացում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների, «Ռեստարտ» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամների կողմից: Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։
«Ականատես» դիտորդական առաքելություն