ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։
Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝
- Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.),
- Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.)
- Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․),
- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ. սկիզբ),
- Կոտայքի մարզի Կամարիս գյուղի մատուռ Սբ․ Սարգիս (19-րդ դ):
Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝
Կարդացեք նաև
- Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),
- Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.),
- Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար),
- Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․)։
Միաժամանակ քննարկվել են նաև Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտ (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռի (19-րդ դ.), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցի, (13-14-րդ դդ․) և ևս 22 այլ նորահայտ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ