«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում։
Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»։
Քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։
Իզաբել Սահակյան