Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը, նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից: Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ռիսկերը՝ նախատեսվում է այնպիսի մեխանիզմ ներդնել, որն ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար», -ասել է նախարարը:
Որոշման ընդունման պայմաններում մարդկային կապիտալում ներդրումներն ու մարդկային ներուժի անհրաժեշտ զարգացումը կապահովվեն նաև գործատուների, պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով: Ըստ այդմ՝ կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայմանը՝ կրթաթոշակը դիտարկելով որպես կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք՝ ցուցաբերած առաջադիմության կամ այլ ձեռքբերումների համար: Այս համատեքստում նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին վաթսունհինգից-յոթանասունհինգ բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին, որպես պետական ֆինանսական խրախուսանք, ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Կրթաթոշակի տրամադրման համար, բացի լավագույն ուսումնական հաստատություններում լրիվ բեռնվածությամբ սովորելու պայմանից, սահմանվել է ևս մեկ պահանջ՝ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում ՀՀ կողմից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։ Մեկ այլ ամրագրված պայմանով էլ՝ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:
«Հաշվի ենք առել նախկինում իրականացված տարբեր ծրագրերի փորձը, մասնավորապես՝ վերլուծելով կրթաթոշակային այն ծրագրերը, որով մեր ուսանողները հնարավորություն էին ստանում սովորել դրսում: Տեսել ենք, որ օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը վերադարձել և որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս մոտեցմամբ խնդիրն էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե նաև աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայր:
Կարդացեք նաև
Միաժամանակ սահմանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետբյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը: Կրթաթոշակի տրամադրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի, ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, կհայտարարվեն պետական կրթաթոշակների առավելագույն թիվը՝ հիմնվելով սահմանված պայմաններին համապատասխանող հաստատություններում վերջին հինգ տարում ուսումնառող, ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանը և նշել, որ արդյունավետ ծրագիր, մեխանիզմ ունենալու հարցը վաղուց է քննարկվում. «Մենք խնդիր էինք տեսնում՝ պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, ինչը մեր երկրի զարգացման կարևոր պայմանն է»:
Անդրադառնալով նախկինում իրականացված նմանատիպ ծրագրերի արդյունքներին, մասնավորապես, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ընդամենը 20 տոկոսն է վերադարձել, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 40 տոկոսը, վարչապետը նշել է. «Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել»: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եկել են այն եզրակացության, որ պետք է աջակցել կոնկրետ ընկերություններին անհրաժեշտ մասնագետների կրթությունը ապահովելու համար՝ այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան Կառավարության նկատմամբ:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ: Վարչապետը, մասնավորապես, առաջարկել է ծրագրում սահմանել պարտադիր պայման, որ շահառուն տվյալ ընկերությունում առնվազն 2 տարի աշխատել է. «Այսինքն` պետք է համոզվենք, որ շահառուն այդ ոլորտի աշխատող է, դրանով բազմաթիվ հարցեր կլուծվեն»: Առաջարկվել է նաև՝ մինչև տարեվերջ խիստ մոնիթորինգ իրականացնել:
Ծաղկաձորում համայնքի միջոցների հաշվին կիրականացվի 1 մլրդ դրամի ներդրում. կկառուցվի վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի
Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է նաև ընդունել Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը ՀՀ-ին:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկով, համաձայն որի՝ նախատեսվում է մինչև 2029 թ. ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում։ «Սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 610 քմ մակերեսով հողամասը նվիրաբերվի ՀՀ-ին, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին և քաղաքային զբոսայգին: Ընդհանուր առմամբ նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, նախատեսվում է այդ 5 շինություններն ապամոնտաժել, կառուցել 2 նորը. 1-ում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում՝ թատրոնը: Դրանց կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կլինեն ավտոկայանատեղիներ 110-200 տրանսպորտային միջոցների համար, իսկ 2 հա-ը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար»,-ասել է ՏԿԵ փոխնախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ըստ էության, Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային ներդրում ենք ապահովում: Այս ներդրումը կարևոր եմ համարում Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետև մենք արդեն որոշակի խնդիրներ ենք տեսնում Ծաղկաձորում»:
Վարչապետի դիտարկմամբ՝ կարող է տարօրինակ թվալ, բայց Ծաղկաձորում զբոսնելու հանրային տեղ չկա, որովհետև հանգստյան տներ են, այլ պարփակված տարածքներ. «Զբոսայգի ունենալը շատ կարևոր է: Հույս ունեմ և կհետևենք, որ զբոսայգիների նախագծերը լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող: Համենայն դեպս՝ համայնքի ստանձնած ներդրման ծավալը թույլ է տալիս, որ պատշաճ մակարդակի ենթակառուցվածք ունենանք»:
Կապահովվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրի իրականացումը
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշման մեջ:
Ինչպես նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, տարիներ շարունակ Կառավարությունն աջակցության ծրագրեր է իրականացրել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներն ավարտվել են 2024-ի դեկտեմբերի 31-ին, իսկ 2025-ից Կառավարությունը հանդես է գալու ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով՝ նոր, առավել երկարաժամկետ, համապարփակ լուծումներով կարգավորումներով:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2024-ին նախարարությունը 6,5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ևս 1,5 մլրդ նախատեսվում է մինչև մարտի 31-ը տրամադրել. «Սրանով ծրագիրն ավարտվում է և ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից գործող Բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունները ու լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին»:
Նախարարի խոսքով՝ նոր 7-ամյա այս ծրագրով նախատեսված է 2 հիմնական ընդհանրական գործիք: «Առաջինն աջակցության ծրագրերն են, այստեղ Կառավարությունը 3 հիմնական ուղղություն է վերցրել 7 տարիների համար: Մասնավորապես՝ այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները: Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան ընկերությունները: Այստեղ հիմնականում թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների, կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում: Եվ երրորդ ուղղությունը. մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերություններն արդեն 50 տոկոսի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու»,- նշել է ԲՏԱ նախարարը:
Մխիթար Հայրապետյանն արձանագրել է՝ նախորդ տարիներին Կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, իսկ այս ծրագրի հիմքում դրվել է ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը՝ որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակի:
Նախարարը թվարկել է, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են այս նախագծի շահառուները: Մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրություն, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող և այլն: Ըստ նախարարի՝ աջակցության ծրագրերից երկրորդ ուղղությանը նախատեսված է գիտական հետազոտության, փորձարարական մշակումների մասով:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, որոշ պարզաբանումներ է ներկայացրել: Այսպիսով ՝ երբ դրսից հրավիրում են միգրանտի՝ աշխատելու, նրանց եկամտային հարկի 60 տոկոսը Կառավարությունը վերադարձնում է ընկերությանը, 3 ամիս վերադարձվում է վերապատրաստվող կամ սովորող աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների եկամտային հարկի 50 տոկոսը: Հաջորդիվ՝ նվազեցվում է նաև սահմանված թիրախային ոլորտների հարկային բեռը՝ 5 տոկոսից 1 տոկոս, ինչը վերաբերում է շրջանառության հարկով աշխատող ընկերություններին, մասնագիտական աշխատող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն է տրվում, բայց ոչ ավելի, քան հարկման բազայի 50 տոկոսը և այլն: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության քաղաքականությունն է տեխնոլոգիական ոլորտում խթանել ավելի շատ հետազոտական, գիտական գործունեությունը:
ԲՏԱ նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է 6 հոգանոց հանձնաժողով՝ կազմված 6 գերատեսչությունից, և ենթահանձնաժողովներ, որոնք գնահատելու են հայտերն առանձին-առանձին: Ապրիլի 1-30-ը կլինի հայտերը ներկայացնելու առաջին պատուհանը, մինչև մարտի 31-ը կհաստատվեն ԿԳՄՍ նախարարի հրամանով հայտերի դիմելու ձևանմուշները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշել է, որ այս որոշումը նաև ինստիտուցիոնալ շատ կարևոր նշանակություն ունի, այն նաև ոլորտի մասին ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն է տալու: «Սա նշանակում է նաև, որ գիտությունը պետությունը դիտում է ոչ միայն պետության կողմից ֆինանսավորման ենթակա ոլորտ, այլ նմաև մի ոլորտ, որտեղ մասնավորը կարող է և պետք է ներդրումներ անի», -ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման ապահովման կարևորությունը. «Գործուն համակարգ ու մեխանիզմ ենք ստեղծել, որպեսզի հետազոտությունները, հետազոտական, գիտական աշխատանքը խթանվի: Եվ այստեղ էլ է կարևոր, որ ուղերձը տարածվի: Մեր խնդիրների զգալի մասը կապված է այն բանի հետ, որ շահառուին չենք կարողանում տեղ հասցնել, որ այս որոշումն իր մասին է: Հիմա պետք է խոսել, խոսել անընդհատ, հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել»:
Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացումը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 թ. միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ: Ըստ հիմնավորման՝ գնահատականների հիմքում դրվում է այն ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2023 թ. այն կազմել է 269,994 դրամ)։ Հաշվարկի շրջանակում առաջարկվում է կիրառել 25% դիսկոնտի չափը, ըստ այդմ, 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի՝ 202,495 դրամ (269,994 – 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտային հարկը կկազմի՝ 40,500 դրամ։ Քանի որ շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 100%-ն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 40,500 դրամ:
Պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Գործադիրն ընդունել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշումներ: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ, ով կիրականացնի միջազգային կազմակերպության, ինչպես նաև վերջինիս հետ համագործակցության շրջանակներում նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով՝ դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 409 256 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 76 579 800 ՀՀ դրամ է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թ. հունվարի 22-ը կազմակերպվելու են հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Կառավարությունը գումար է հատկացրել մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար
Կառավարությունը պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 4,882,617.4 հազար դրամի չափով, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ շինարարության թույլտվությունների տուրքերի վճարման համար՝ 90,000.0 հազար դրամի չափով: Ֆինանսական միջոցները կհատկացվեն մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար։ Կիրականացվեն հետևյալ կառուցման աշխատանքները՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոց, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փ. 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փ. թիվ 18, Շահումյան փ. թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փ. թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի, թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի 100 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Շիրակի մարզի՝ Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Մարալիկ բնակավայրի 150 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 100 տեղ հզորությամբ մանկապարտեզ: Գումար կհատկացվի նաև հետևյալ վերանորոգման աշխատանքների համար՝ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի՝ Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզի Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Մ. Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի գ. Գետափի կրթահամալիր:
Մեկ այլ որոշմամբ էլ՝ վերաբաշխման միջոցով 97,126.9 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ 2024թ-ին ավարտված շինարարական օբյեկտներում կապալառուների կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար։ Գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում, Փշատավանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Արմավիրի N8 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում , Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոց մարզադահլիճի կառուցում, Երևանի հ. 136 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում :
Կապահովի կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը
Գործադիրի որոշմամբ վերաբաշխում է կատարվել 621,746.0 հազար դրամ գումարի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքայի պայմանների և ենթակառուցվածքների բարելավման նպատակով։ Ըստ այդմ, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն՝Երևանի հ․8 արհեստագործական պետական ուսումնարան, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ, Արթիկի պետական քոլեջ, Գյումրու պետական բժշկական քոլեջ, Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ, Բագարանի Սբ․ Շուշանիկ եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի փորձաքննություն, Բերդկունքի Սպիտակ բերդի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի փորձաքննություն, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրի փլուզված եռահարկ աշտարակի նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի փորձաքննություն, Հորսի իշխան Չեսար Օրբելյանի ապարանքի ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի փորձաքննություն, Աղնջաձորի Օրբելյանների քարավանատան (Սելիմի) ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի փորձաքննություն: Շինարարական աշխատանքների համար՝ Երևանի հ․8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգում, Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցու, նրան կից եկեղեցու և Մարիամաշեն եկեղեցու տանիքների վերականգնում , Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնում, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի մասնակի նորոգման տեխնիկական հսկողության համար պարտքի վճարում, Հ. Թումանյանի թանգարանի նոր շենքի կառուցում, Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տաքանցումը եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքների ծավալների ավելացում, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման աշխատանքների համար պարտքի վճարում, Արտաշատի ավագ դպրոցի վթարային մասնաշենքի քանդում, Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատուհանների փոխարինում, կերպարվեստի գործերը պահպանելու համար մետաղյա ցանցային ճաղավանդակների պատրաստում: Հուշարձանների պեղումների համար 49,720 հազար դրամ, որից՝ Լոռու մարզի Քոբայրավանքի պարիսպների և կից եկեղեցու, Լոռու մարզի Կայանբերդ ամրոցի, Վայոց Ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրի: Գումար է հատկացվել նաև Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ Ամբերդ ամրոցի վթարային հարվածների ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով:
Բավրա բնակավայրում կրթահամալիրի կկառուցվի
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում կապահովվի կրթության զարգացումը տվյալ բնակավայրում, էականորեն կբարելավվեն պայմանները, որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3284-ARM(COL). Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն․ փոփոխություններ վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Մինչ այժմ ավարտվել են 18 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 21 դպրոցների շինարարական աշխատանքներ։ 7 դպրոցներ գտնվում են նախագծային (ավարտական) աշխատանքների և շինարարության իրականացման համար գնումների կազմակերպման փուլում։ Համաձայն վարկային համաձայնագրի՝ ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության վերաբերյալ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 11,200 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները։ Ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ-ին 2 անգամ հատկացվել են վարկային միջոցներ։ Ծրագրի արդյունքահենության համատեքստում յուրաքանչյուր վարկի համար նախատեսված է որոշակի արդյունք, որի կատարման պարագայում հատկացվում են տվյալ արդյունքի համար նախատեսված ֆինանսական միջոցները։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասի» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունումը թույլ կտա սահմանել Լիազորված մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման աշխատանքների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը, ինչպես նաև կսահմանվեն դրանց և ավարտական ակտերի ձևաթղթերը հաշվի առնելով հուշարձանների յուրահատկությունները:
Հավանություն է տրվել նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը: Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահվում են առավել ընդգրկուն իրավասություններ, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից առավել արդյունավետ են: Նախագծով նախատեսվում են արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման ընդունման հիմքերը, պայմաններն ու կարգը, արտակարգ իրավիճակի մակարդակի մասին որոշման բովանդակությունը, արտակարգ իրավիճակներում իրականացվող միջոցառումները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծով նախատեսվում են վարչական պատասխանատվության միջոցներ՝ առաջարկվող կարգավորումներով նախատեսված պահանջները խախտելու համար։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ