Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց կարդալու՝ իմ գրքի մասին խոսելը լուրջ չեմ համարում. Էդվարդ Միլիտոնյանը՝ Արեւիկ Աշխարոյանին

Մարտ 06,2025 16:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ ԿԳՄՍ-ի կողմից ֆինանսավորման հաստատված գրքերի ցանկի մասին ու նշել, որ փնտրում է Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպը։ «Տենչում եմ կարդալ նախքան լույս կտեսնի արաբերեն թարգմանությունը։ Ով ունի, խնդրում եմ՝ տվեք կարդամ, որովհետև գրախանութներում չեն տեսել ու չեն լսել այս գրքի մասին»,-հեգնանքով գրել էր նա։ Ի պատասխան՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը գրել էր, որ Միլիտոնյանի վեպը ժամանակին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի. «Ես կարդացել եմ, ու ասեմ` շատ լավ գիրք է։ Եվ առաջարկել եմ հեղինակին վերահրատարակել»։

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը հիշեց, թե ինչպես է առաջին անգամ շփվել Արեւիկ Աշխարոյանի հետ. «Արեւիկ Աշխարոյան անունը չէի լսել: 2000-ականներին «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը զանգեց եւ ասաց, որ մի աղջիկ են աշխատանքի ընդունել ու համագործակցում են, որը պետք է հայ գրողներին ներկայացնի արտասահմանյան հրատարակիչներին, խնդրեց, որ ընդունեմ եւ ներկայացնեմ ժամանակակից գրականության ուղղությունները, անունները եւ այլն: Եկավ, հանդիպեցինք. այն, ինչ ես գիտեի, ներկայացրեցի իրեն՝ եւ պոեզիա, եւ արձակ, եւ մանկապատանեկան գրականություն: Հետո գնաց եւ սկսեց զբաղվել իր աշխատանքով:

Գրականության վերաբերյալ ամեն մեկն իր կարծիքն ունի, ես որեւէ մեկին ոչինչ չեմ պարտադրում, բայց տարօրինակ է, որ Արեւիկ Աշխարոյանն է խոսում «Վահագն վիշապաքաղի արկածները» վիպակի մասին, որի վերաբերյալ ճանաչված գրականագետներ հոդվածներ են հրապարակել, գիրքը ներկայացվել է տարբեր երկրներում, տարբեր ցուցահանդեսներին: Ես 40 անուն գիրք եմ հրատարակել միայն մանուկների համար, 30-ից ավելի լեզուներով իմ ստեղծագործությունները եւ գրքերը հրատարակվել են: Եթե ինքը կարող էր, թող մի գրականագիտական հոդված գրած լիներ այս տարիների ընթացքում իր՝ լավ համարած գրքերի մասին, նաեւ քննադատեր՝ ում չի հավանում: Դա գրական կյանք է, որեւէ մեկը նրա ձեռքից գրիչ չի վերցրել, բայց առանց կարդալու՝ իմ գրքի մասին խոսելը լուրջ չեմ համարում:

Լավ կլիներ, որ գոնե լսած լիներ պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, կիրգիզերեն, բուլղարերեն, ռուսերեն եւ բազմաթիվ այլ լեզուներով հրատարակված գործերիս մասին: Իմ գրականության մասին շատ շատերն են գրել՝ Համո Սահյանը, Սուրեն Աղաբաբյանը, Վազգեն Գաբրիելյանը, ուրիշները…Ես հիմա Համո Սահյանին հավատա՞մ, թե՞ իրեն: Եթե ուզում է սուր ճոճել իմ դեմ, թող ճոճի, բայց ճոճելուց առաջ ինչ-որ բան կարդա, նոր արտահայտվի»:

Ինչ վերաբերվում է իր գրքի՝ արաբերեն թարգմանվելուն, այս մասին էլ նշեց, որ իր բանաստեղծությունների արաբերեն հրատարակությունը մի քանի տարի առաջ Դամասկոսում լավ ընդունելության է արժանացել, Սիրիայի դեսպանն էլ այստեղ արել է գրքի շնորհանդեսը: «Երբ նույն հրատարակչությանը ներկայացրել են գրքեր, մարդիկ ցանկություն են հայտնել, որ իր գիրքը հրատարակվի արաբերեն, ես ոչ խոսել եմ, ոչ մեջտեղ եմ ընկել, ոչ էլ խնդրել եմ որեւէ մեկին, որ գիրքս թարգմանվի»,-հավելեց նա:

Միլիտոնյանը նաեւ հիշեցրեց, որ 2003-ին ինքն է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին առաջարկել , որ հայ գրականությունը թարգմանվի տարբեր լեզուներով, ու մեկնարկը տրվել է 20 միլիոն դրամի ծրագրով. «Հրատարակվեցին դասական, ժամանակակիրց գրողների գրքեր, հարյուրավոր ալբոմներ, միջազգային ցուցահանդեսին արդեն իսկ ներկայանում էինք թարգմանված գրքերով: Լավ կլիներ, որ յուրաքանչյուր մարդ, որ գրիչ է վերցնում ինչ-որ մեկին արատավորելու համար, գոնե այդ գրականության որոշ մասը կարդացած լինի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31