Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա. Եղիշե Կիրակոսյան

Մարտ 06,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։

2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։

Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատուներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31