Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի ուղիղ եթերով անդրադարձել է Բաքվի բանտում անօրինաբար պահվող եւ ապօրինաբար դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մեր մյուս գերիներին ու պատանդներին վերադարձնելու իրական հնարավորություններին եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների դրսեւորած անգործությանը:
«Ես նորից ուզում եմ անդրադառնալ Բաքվում անօրինաբար պահվող մեր պատանդների, մեր գերիների հարցին: Ես զգում եմ, որ Հայաստանի իշխանությունները այս հարցը ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու, ամրացնելու, կամ իրենց անգործությունը թաքցնելու նպատակով:
Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է: Մեր առաջնային հարցը պետք է լինի տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը: Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առայսօր: Այս վերջին շրջանի մի փոքր ակտիվությունը, ԱԳՆ հայտարարությունը, կամ Ժնեւում Արտաքին գործերի նախարարի ելույթում ինչ-որ ակնարկ անելը այս հարցին, բավարար չեն եւ արդյունք են միայն ու միայն վերջին օրերին, վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի եւ ինչ-որ տեղ՝ նաեւ ցասումի հետեւանք:
Մեկուկես տարի պիտի լինի, որ այդ տղաները Բաքվի բանտում են անօրինաբար: Եվ ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցը այդ մեծ հնարավորության կորուստն է, որը Հայաստանի ԱԳ նախարարը բաց թողեց ձեռքից Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում՝ իր ելույթում որեւէ անդրադարձ չանելով այս հարցին: Իր տասը րոպեանոց ելույթում մի բառ անգամ չկար Արցախի մասին: Բայց դա մի կողմ դնենք: Բայց մի բառ անգամ չկար մեր պատանդների, գերիների վերադարձի հարցում:
Կարդացեք նաև
Ինչպիսի~ հնարավորությունների կորուստ: Պատկերացրեք՝ 56 նախարարների կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում: Հենց այն կազմակերպությունում, որը ստեղծել է Մինսկի խումբը, որի հովանավորության ներքո երկու տասնամյակից ավել նրանց ներկայացուցիչները բանակցել են Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ հարցին խաղաղ լուծում տալու համար: Նրանք բազմիցս եղել են Ստեփանակերտում: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի բարձր ներկայացուցիչները: Հանդիպել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի եւ մյուսների հետ: Բանակցել են Արցախի կարգավիճակի շուրջ:
Չէ՞ր կարող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հենց այդ դահլիճում, այդ բոլորի ներկայությամբ հարց տար այդ մարդկանց. «Ձեր ստեղծած կազմակերպության մանդատի ներքո ձեր ներկայացուցիչները հանդիպել են այդ մարդկանց, խաղաղության մասին են խոսել, փորձել են հարցին լուծում տալ, կարգավիճակի շուրջ են խոսել: Չէ՞ր կարող հարցնել. «Ասեք ինձ, պատասխանեք, այդ մարդիկ հանցագործների՞ հետ էին հանդիպում, տեռորիստների՞ հետ էին հանդիպում»:
Լռել ես դու այդ ատյանում, եւ հիմա եկել ես Ազգային ժողովի բարձր ամբիոնից ինչ-որ հոխորտում ես եւ մարդկանց ես քննադատում: Դու ընդհանրապես իրավունք չունես խոսելու: Չունեի՞ր այդ համարձակությունը, թե՞ մտքովդ չէր անցնում: Թե՞ քեզ թույլ չէին տալիս:
Բակո Սահակյանը Բաքվի բանտում՝ ճնշման ներքո, միգուցե խոշտանգումների ներքո, ասում է. «Սա մեր ինքնորոշման պայքարն է եղել: Օրինական է եղել»: Եվ դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանը եւ մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են եւ անկախ, քան դուք ձեր ողջ իշխանությամբ այս արեւի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք համարձակ չեք, դուք վախկոտ եք: Չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետեւ վախեցած եք: Որովհետեւ գիտեք, որ այս ամենը ձեր սխալների արդյունքն է:
Այո, այսօր այդ տղաների վերադարձի բանալին Հայաստանի իշխանությունների ձեռքին է: Փաշինյանի ձեռքին է: Փաշինյանը ոչ թե հիմա պետք է կանգնեցնի բոլոր կապերը, բանակցությունները Ադրբեջանի հետ: Դա վաղուց պետք է արած լիներ: Առաջին պահից, երբ այդ տղաները գերի ընկան Ադրբեջանի ձեռքը: Ինքը պետք է կտրուկ փոխեր իր դիրքորոշումը, խստացներ, այո, սպառնար, որ կընդհատի բանակցությունները մինչեւ այդ տղաների վերադարձը:
Միգուցե, չեք հասկանում, որ Ադրբեջանը նրանց պահում է որպես ճնշման միջոց Հայաստանի վրա՝ հնարավորինս կորզելու համար: Լավագույն դեպքում պահում է առեւտուրի համար: Բայց այդ առևտուրը չի կարող մեր օգտին լինել:
Այս խնդիրը պետք է կանգնեցնել, ճնշում դնել Ադրբեջանի վրա: Այո, դիվանագիտական լուռ աշխատանքը կարեւոր է: Բայց հրապարակային աշխատանքը, հայտարարությունները, ճնշումները նույնքան կարեւոր են: Այդ երկուսի համադրումով պետք է լինի: Եվ եկեք այս հարցը միայն մարդու իրավունքների խնդիր չդարձնենք: Դա սխալ ճանապարհով կտանի: Այո, սա նաեւ մարդու իրավունքների խնդիր է: Այն, ինչ մենք տեսանք էկրաններին, ինչ կատարվել է Ռուբեն Վարդանյանի, մյուսների հետ, մարդու իրավունքների խնդիր է նաեւ: Բայց ինքն իր հիմքում քաղաքական խնդիր է: Սա ինքնորոշման խնդիր է: Եթե մենք հարցն այդ հարթությունից հանենք, մենք ոչինչ չենք ստանա: Երեւի թե այն տղաները այնտեղ հավերժ կարող են մնալ:
Այո, պետք է կանգնեցնել բանակցությունները: Վաղուց սա արած պետք է լինեինք: Եվ ես նորից եմ կրկնում. բանալին այսօր Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների ձեռքում է: Մենք պետք է շարունակենք մեր ճնշումը, մեր բողոքի ակցիաները՝ առավել համախմբված, առավել ուժեղ, որպեսզի այս իշխանությունները իսկապես շարժվեն տեղից եւ ճիշտ քայլերը անեն:
Եվ ես նորից վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել: Պատերազմ չի լինի: Մի հավատացեք իշխանությունների՝ ձեր մեջ սերմանած վախերին: Նրանք ուղղակի չգիտեն ինչ են անում: Բայց նաեւ չեն ուզում լսեն: Սա է ցավալին»,- ասել է փորձառու դիվանագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ