«Չգիտենք՝ ի՞նչ պատասխանենք ձեր հարցին, որովհետեւ ձեր հարցը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այսպես պատասխանեց լրագրողին՝ իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողը հիշեցրել էր, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է որդուն փոխանակել Բաքվում գտնվող հայ գերիների հետ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ այսօր ասաց․ «Ժամանակին ասում էր՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց։ Ասել եմ՝ քեզ առաջարկիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուսների դիմաց։ Սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժի»։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը Բաքվում գերի մնալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փոխարեն։
Սարգիս Խանդանյանն էլ տարակուսեց․ «Ի՞նչ եք կարծում, ես ի՞նչ պիտի պատասխանեմ։ Ես լուրջ պիտի՞ պատասխանեմ այդ հարցին, թե վարչապետ Փաշինյանն ինչո՞ւ չի առաջարկում գերի ընկնել Ադրբեջանում։ Դուք էլ եք հասկանում, որ անհեթեթություն է»։
«Դաշնակ Աղվան Վարդանյանին չենք պատասխանում»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավորներին տեղեկացրեց, որ իրենց գործընկերներ Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հայրը՝ Զարեհ Սարգսյանը, երեկ ասել է՝ լավ է մահացած լիներ ու Արցախի կորուստը չտեսներ եւ հետաքրքրվեց՝ քանի որ ՔՊ-ն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, լինո՞ւմ է, որ իրենց հարազատներն էլ համանման ցավ հայտնեն կամ գուցե հանդիմանում են իրենց։
Արթուր Հովհաննիսյանն «անգրագետ» որակեց հարցը եւ լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններին զուգահեռ՝ նետեց․ «Արցախի հետ կապված մենք էմոցիաներ ապրում ենք»։
Ի դեպ, թե Արթուր Հովհաննիսյանը, թե Սարգիս Խանդանյանը նախկին լրագրողներ են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ