«Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է, ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Տեսեք՝ ոնց է Ադրբեջանին, Թուրքիային աղաչում՝ ամեն ինչ կտամ, միայն թղթի կտորով օգնեք խաբեմ ժողովրդին։ Ժամանակին ասում էր՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց։ Ասել եմ՝ քեզ առաջարկիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուսների դիմաց։ Սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջեւ վերջին շրջանում կրկին նորոգված վեճին՝ «ո՞վ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության» թեմայով, Աղվան Վարդանյանն ասաց․ «Ես հակված եմ առաջ նայել ու գլխավոր հարցը լուծել։ Անցյալում չմնալ, բայց անցյալը պիտի ճիշտ գնահատել առաջ գնալու համար։
Հիմա Նիկոլը ամենացածր վարկանիշն ունի, ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, այդքան ու ավելի այժմ ատում է։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով ես նկատի ունեմ երկրորդ նախագահ-«Հայաստան» դաշինք, Հանրապետական եւ Դաշնակցություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը նկատեց՝ Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ին է մեղադրում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, բայց հավանաբար մոռացել է, որ ՀՅԴ-ն իրեն հեռացրեց խմբակցությունից՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելու համար։ Լրագրողը նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի պահանջում, որ ՀՅԴ-ն էլ ներողություն խնդրի, ՀՀԿ-ն գոնե դա արել է։
«Ես ոչ մի բան չեմ մոռացել, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ: Երբ ասում եմ՝ ընտրել է խորհրդարանը, նկատի ունեմ նաեւ բոլոր քվեարկած պատգամավորներին»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ից պարզաբանել են, թե էյֆորիայի, ժողովրդի ճնշման արդյունքում է եղել քվեարկությունը, բայց իր համար դա ոչինչ չի փոխում։ Նա հիշեցրեց իր հայտնի ելույթը, որտեղ խոսում է նաեւ բարոյական պատասխանատվության մասին եւ ասում, որ հարկ եղած դեպքում կդնի մանդատը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ես հորդորում եմ մեր գործընկերներին՝ փակել թեման, արձանագրել տարանջատումը եւ գործել գլխավոր ուղղությամբ։ Ամեն մեկն իր պատկերացրած ձեւով»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ