Կառավարությունն այսօրվա նիստում նախագիծ ընդունեց, ըստ որի՝ նոր համակարգ է ներդրվում՝ արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հաշվի առնելով նախկինում ունեցած ռիսկերը՝ նպատակ կա այնպիսի մեխանիզմ ներդնել, որն ավելի մեծ արդյունավետություն կունենա եւ հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար։
«Մասնավորապես, այս նախագծով նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում, եւ կհամաֆինանսավորենք ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսման վարձը, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում։ Պարտադիր պայման է, որպեսզի սրան մասնակցի նաեւ մասնավորը, որը պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50 տոկոսով։ Դրանից հետո նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտերկրի բուհերում ուսանած եւ Հայաստան չվերադարձած անձանց։ ««Լույս» հիմնադրամով գնացողների 80%-ը չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացողների 40%-ը հետ չի եկել։ Եկեք գնանք՝ գույքագրենք լավ կանխավարկածով արված մեր ծրագրերը: Մենք ուզեցել ենք մարդկանց լավություն անել, որ լավ պայմաններում աշխատեն, բայց կտրտել 25 կտոր են սարքել, որ դառնան միկրոբիզնես։ Ես չեմ հիշում, որ ժպիտով, ոգեւորված, մեր արած որեւէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Հենց այս դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում, ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանության մեջ։ Ես համաձայն չեմ, որ մի հատ էլ արտագաղթի ֆինանսավորման լրացուցիչ մեխանիզմ մենք ստեղծենք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը համաֆինանսավորում կիրականացնի այն դեպքում, եթե տվյալ ուսանողը երկու տարի աշխատած կլինի որեւէ ընկերությունում, եւ այդ ընկերությունն էլ պետք է ցույց տա, որ ներդրում է անում աշխատողի վրա։
«Այ, երբ այդ ընկերությունից կգնան, հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա նրանց ընտանիքի անդամների հետեւից։ Բայց մյուս կողմից՝ մասնավորի ճանապարհը պետք է փակենք, որ սրանով արտագաղթի фабрика звёзд չստեղծի»,- հավելեց նա։
Նախագծի ընդունմանը զուգահեռ՝ կառավարությունը որոշեց նաեւ մշտադիտարկել իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային