Ermenihaber. Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու երկրների առաջնորդները նաև առցանց հետևել են Իգդիր- Նախիջևան գազատարի բացման արարողությանը։
Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սերտ և «եղբայրական» կապեր ունեն, իսկ համագործակցությունը բոլոր ոլորտներում հաջող է ընթանում:
«Մեր երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են լայն ընդգրկումով՝ պաշտպանությունից մինչև առևտուր»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահը երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ է համարել էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր արդեն իսկ իրականացվել են:
Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նշանակալի ծավալով գազի մատակարարում ապահովելու մասով:
«Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»,-ասել է նա:
Էրդողանը խոսելով Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկման մասին, ընդգծել է, որ այդպիսով ամբողջովին կապահովվի Նախիջևանի բնական գազի պահանջարկը և էներգետիկ անվտանգությունը:
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանը և հավելել, որ «երկու երկրներն էլ միտված են խաղաղության»:
«Վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել»:
Էրդողանը վերջում նշել է նաև, որ նմանատիպ գործընթացներն էլ ավելի են ամրապնդելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ դրանք որակելով «եղբայրական»: