«Հայրենասեր հայերին պետք է, որպեսզի պարոն Վարդանյանը եւ մյուս գերի տղաները ողջ-առողջ վերադառնան Բաքվից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով Բաքվում գերեւարված հայերի ճակատագրի մասին ՀՀ իշխանավորների կեցվածքին վերաբերող հարցերին։
Հիշեցնենք, օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, որ Ադրբեջանի նկատմամբ սադրանք կլինի՝ գերիների հարցը օրակարգ բերել՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցնելով, ինչպես ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր առաջարկել։ Ալեն Սիմոնյանը նաեւ հավելել էր, որ իշխանությունը հրապարակային քայլեր չի անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ, որպեսզի չվնասի նրանց։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։
«Լավ կլինի, որ պարոն Վարդանյանն՝ իր առողջության տեսանկյունից դադարեցնի հացադուլը։ Ես հասկանում եմ, քանի որ պետությունը ոչինչ չի անում, ինքը ստիպված է գնում նման քայլերի»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ վկայակոչելով Վարդանյանների ընտանիքի փաստաբանի զարմանքն առ այն, որ երբեւէ չի տեսել մի պետություն, որը նման դիրքորոշում կունենա նման հարցում։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասով էր Հայկ Մամիջանյանն ասաց․ «Դա էնքան հին, պարզունակ քողարկումներ են անգործության, դրանց անդրադառնալու իմաստը նույնիսկ չեմ տեսնում»։
Կարդացեք նաև
«Էդ մարդկանց տանջամահ են անում, եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջը, ապա ումի՞ց պիտի լինի։ Ոնց ուզում են՝ թող բերեն»,- ասաց նա՝ հավելելով, որ այն լծակները, որոնք ունի ընդդիմությունը, կիրառում է՝ միջազգային հարթակներում հանդիպումներ, ցույցեր եւ այլն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ