«Փաստինֆո». Անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման։ Արսեն Ղուկասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը չի մասնակցում այդ հանդիպմանը․ «Անդրանիկ Քոչարյանն այդքան չկա, որ ես իր հետ հանդիպելու համար նախապես գրանցվեմ, հերթագրվեմ։ Նա, որ գալիս էր ինձ մոտ հանդիպման՝ «Լույսի ճրագ»-ում, ես իրեն առանց հերթագրման էի ընդունում»։ Բացի այդ, Արսեն Ղուկասյանը նշեց, որ չի պատրաստվում Անդրանիկ Քոչարյանի հետ «կաբինետներում» փակ հանդիպումներ ունենալ, քանի որ ամեն անգամ Անդրանիկ Քոչարյանը հետո մանիպուլացնում է՝ սխալ մեկնաբանելով այն, ինչ քննարկվել է հանդիպումներում․ «Թող գա՝ տեսախցիկների առջև հանդիպենք, զրուցենք»։
Իսկ թե ինչու են ծնողները որոշել այսօր հանդիպել Անդրանիկ Քոչարյանին՝ Ղուկասյանը նշում է՝ «մարդկանց համբերության բաժակը լցվել է»։ Անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են պարզաբանումներ ստանալ Քոչարյանից վերջին հարցազրույցներից մեկում նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Ի․ Ս․