Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը դժվար է պատկերացնում Հայաստանում իշխանափոխության ճանապարհը, բայց վստահ է, որ հեշտ կլինի միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը միասնական ոտքի կանգնի։
Ըստ մեր զրուցակցի՝ հույսը դնել, որ օրվա իշխանությունը կարող է գիտակցել իր հայ լինելը՝ նվազ հավատալի է կամ անհավատալի, որովհետև իշխանության մի մասը գուցե իրենք իրենց էլ են արդեն խաբել, թե այլ ճանապարհ չկա։
«Ամբողջ կռիվն այստեղ է՝ «նախկիններ», լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին։ Նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել։ Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա, ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ կա, դրա դեմ պետք է իրավապահ համակարգը պայքարի։ Այս խայծի վրա այս ամբողջ ժողովրդին արդեն 7 տարի պահում են, անվտա՞նգ ես եղել՝ հա, դաշնակիցներ ունեցե՞լ ես, սոված չես եղել, կուշտ ես եղել, գուցե սրանից էլ ավելի կուշտ ես եղել։ Այդ ամբողջ ակնառու բաները թողել, գնացել ինչերի հետևից են ընկել՝ թալան, հա թալան։ Լավ, եթե թալան է եղել, բռնեք այդ թալանչիներին, ոչ թե դա դարձրեք դրոշակ։ Հիմա այսօրվա իշխանությունն արդեն այս նարատիվի վրա դարձել է «նախկին»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դրամատուրգի բնորոշմամբ՝ այսօր իշխանություններն իրենց արած հանցագործությունների մեջ այնքան են խորացել, որ արդեն հետդարձի ճանապարհ չեն թողել, գուցե մտածում են հեռանալ, բայց այնքան հարստություն են կուտակել, որ դա էլ չեն ուզում թողնել։
Կարդացեք նաև
«Հիմա էլ իշխանությունը նոր «կերակուր» է բերել՝ «նախկիններին» գումարեցին նաև Եվրոպա գնալու սուտը, որը գոյություն չունի։ Հա, Եվրոպան լավ է, ադամանդն է, որը, ի դեպ, արդեն ճաքեր է տվել, բայց ո՞ւր եք գնում, ձեզ ո՞վ է այնտեղ սպասում, ձեր ի՞նչն է Եվրոպային համապատասխանում։ Հետո մի ուրիշ բան են մտածելու ու դրանով կերակրեն ժողովրդին»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։
Գուրգեն Խանջյանի լուսանկարն` Անահիտ Հայրապետյանի