Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ինքն է պահանջներ դնող կողմը և ոչ մի պայմանի, որն իրենց համար պարտավորություններ կամ պատասխանատվություն է նախատեսում, իրենք համաձայն չեն։ Այսինքն, իրադարձությունները տանում են Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի։ Օրինակ՝ երբեք խոսք չի եղել Բաքվի կողմից, թե իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, Հայաստանի համար բացել հաղորդակցության ուղիները, բեռների և մարդկանց տեղափոխման համար անվտանգ պայմաններ ապահովել, կամ տարածաշրջանային ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարածքով։ Ընդհակառակը, դրա փոխարեն անընդմեջ առաջ է մղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու նշվել է, թե ենթակառուցվածքները, երկաթուղին ու ճանապարհը պետք է անցնեն այդ «արտատարածքային միջանցքով», որը Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է պայմաններ ստեղծել, որ Հայաստանի վրա նորից հարձակում գործի ու նոր տարածքներ օկուպացնելու միջոցով միջանցք բացի։ Այսպիսի սցենարի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվում նաև արտերկրյա մամուլում։
Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է խրախուսում Ադրբեջանին, որպեսզի համատեղ հերթական ագրեսիան կազմակերպեն ու ձեռնամուխ լինեն իրենց պանթուրքական վաղեմի ծրագրերի իրականացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների խեղճ կեցվածքը։
Բայց Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին դիմագրավելու մասով այդպես էլ չեն կարողանում միջազգային լայն աջակցություն ստանալ։ Օրինակ՝ իշխանական քարոզչամեքենան այն թեզն է առաջ քաշում, թե ԱՄՆ-ում դեմ են միջանցքի բացմանը, ու դրա տրամաբանության ներքո էր նաև Հայաստանի հետ կնքված փաստաթուղթը։ Բայց եթե դեմ են, այդ դեպքում անհրաժեշտ է հասնել նրան, որ կոնկրետ ու հստակ դիրքորոշում հայտնեն։
Նույնը վերաբերում է իրանական կողմին, որի ամբողջական աջակցությունը ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է կոշտացնել իր դիրքորոշումը։
Կարդացեք նաև
Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որ Սյունիքում թուրքական միջանցք բացվի։ Դրա համար էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են, թե միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են։ Ռուսական կողմին կարելի է գրավել մեր կողմը՝ նշելով, որ ընդամենը ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները, ու առաջարկել նաև այն թեման, որ այդ դեպքում ռուսները պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհի անվտանգ երթևեկությունը։
Վերջապես հայկական կողմը պետք է ատամ ցույց տա Ադրբեջանին, իսկ դա կարող է լինել նաև դիվանագիտական ճակատում, երբ Ալիևի ռեժիմը կոնկրետ ճնշումների կենթարկվի։ Ուղղակի դրա համար պետք է ճիշտ աշխատել գործընկերների հետ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։