Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, իրապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։
– Ձեր արտահայտությունը` «Բաքվում գերիների վիճակը, կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են», լուրջ քննադատությունների տեղիք տվեց: Ձեզ որտեղի՞ց նման տվյալներ։
– Նախ՝ ես չեմ ասել, որ պայմանները բարելավվել են, ասել եմ՝ կենցաղային պայմանները, եւ դա վերաբերում էր Եվրոպական Միության եւ եվրոպական ինստիտուտների գործիքակազմին։ Հարց էր առաջացել՝ արդյո՞ք ԵՄ գնալը կնպաստի գերիների իրավունքների պաշտպանությանը, ես ասել եմ, որ ԵՄ գործիքների բանեցմամբ 100-ից ավելի գերիներ ենք բերել, կարողացել ենք բերել սպանված զինծառայողների դիակներ, հաստատել ենք, որ Ադրբեջանում մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում` միայն նրա՝ ազգությամբ հայ լինելու համար։ Այս համատեքստում է դա ասվել։ Մենք այդ գործիքների օգտագործմամբ կարողացել ենք հեռախոսային կապ հաստատել գերիների հետ, պարտադրել ադրբեջանական կողմին, որ գերիների առողջական վիճակի մասին մեզ տեղեկություններ ներկայացնեն՝ փաստաթղթավորված, նաեւ լուսանկարներ` նրանց կեցավայրից։
– Այսինքն՝ հայտարարությունն անելիս նկատի եք ունեցել ԵՄ գործիքակազմերի դերն արդեն վերադարձած գերիների՞ մասով։
Կարդացեք նաև
– Այո, խոսքը գնացել է ընդհանրապես այդ գործիքակազմի պիտանելիության մասին։ Ես Ձեզ տված նախորդ հարցազրույցում ասել եմ, որ Ռուբեն Վարդանյանը կեցցե, որ կարողացել է ինֆորմացիա փոխանցել, բայց ասել եմ նաեւ, որ այս ինֆորմացիան մեզ հասցնելու համար ինչով եւ ինչպես է վճարելու, ինչքան թանկ է վճարելու Ռուբեն Վարդանյանը։
– Ենթադրում եք, որ Վարդանյանին խոշտանգել են դատավարությունից առաջ արված հայտնի հայտարարությա՞ն պատճառով, որտեղ նա պատմում էր, որ զրկված է պաշտպանության իրավունքից, որ դատավարությունը կեղծ է, շինծու եւ այլն։
– Այո, ես հրապարակային ասել եմ, որ մենք չգիտենք, թե Ռուբեն Վարդանյանն ինչ է վճարելու դրա համար։ Երկար սպասել չտվեց նրան խոշտանգելը։ Այնտեղ գտնվելն արդեն իսկ խոշտանգում է։ Ես նաեւ ասել եմ, որ նրանք իրենց քաշի 30-40 տոկոսը կորցրել են։ Եթե Արտակն ասում է, որ պայմանները տեսականորեն բարելավվել են, ուրեմն որքա՜ն վատ են եղել նախկինում, որ այս խոշտանգված վիճակում լավ է։ Չափազանց վատ է եղել, մենք դա գիտենք։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների վերաբերյալ ապացույցները մենք շարունակ ներկայացնում ենք, եւ դա հաստատում էր` մարդիկ խոշտանգվում են, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում։
– Խոսում եք միջազգային գործիքակազմերի մասին, բայց Եվրոպայի աչքի առաջ հայ գերիները խոշտանգվում են, Դուք գո՞հ եք նրանց աշխատանքից, ի՞նչ արձագանք կա միջազգային կառույցներից։
– Այն, որ Ադրբեջանին պարտադրել են զեկույցներ եւ հաշվետվություն ներկայացնել նրանց վիճակի վերաբերյալ, լուսանկարներ տալ, գերիներին արդեն թույլ են տալիս իրենց սենյակը կահավորել, դուրս գալ զբոսնել, հեռախոսային խոսակցություններ ունենալ, հենց այդ ճնշման արդյունքն է։
– Որտեղի՞ց Ձեզ այդպիսի տեղեկություններ, որ թույլ են տալիս զբոսնել, հեռախոսային զրույց ունենալ, սենյակ կահավորել։
– Ես իրենց ներկայացուցիչն ու պաշտպանն եմ։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: