Լրահոս
Օրվա լրահոսը

Սա «համաձայնագիր» է, թե՞ «պարտադրանք»

Մարտ 06,2025 12:30

Բազմիցս է գրվել, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ «խաղաղության» համաձայնագիր են պատրաստվում ստորագրել

Այն կետերը՝ «Սյունիքի միջանցքի» բացում, ՀՀ սահմանադրության փոփոխում, ռազմական պոտենցիալի էական նվազեցում, որոշ անկլավների հանձնում, 300 000 եւ ավելի փախստականների վերադարձի հարց եւ էլի որոշ բաներ, որոնց մասին իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դրանք կարմիր գծեր են եւ դրանց մասին խոսք գնալ չի կարող: Ցավոք, նրանք արդեն իրենց միտքը փոխել են եւ համաձայնվել են՝ դրանք բոլորն անխտիր ստորագրել: Իհարկե, կա նաեւ հստակ պայմանավորվածություն, որ այդ «համաձայնագրում» Հայոց ցեղասպանության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այլ խոսքով, ստացվում է, որ իրականում նրանք լրիվ մոլորեցրել են հայ ժողովրդին եւ անում են լոկ այն, ինչ Ադրբեջանն է ուզում, ուղղակիորեն արհամարհելով հայ ժողովրդի ցանկությունը …

Փաստորեն, այս փաստաթուղթն Ադրբեջանի համար զուտ թելադրանք է, իսկ հայերի կողմից լոկ համաձայնություն, այլ խոսքով, սա Ադրբեջանի համար նախապայմանների, իսկ Հայաստանի համար՝ լոկ համաձայնությունների փաթեթ է: Կարծում եմ, նրանց այդ որոշումը վերջնական է ու անբեկանելի, այնպես որ, միակ տարբերակը մնում է, որ ժողովուրդն անհապաղ ոտքի կանգնի ու արգելի նման տարբերակի ստորագրումը եւ պահանջի, որպեսզի վերը նշված վտանգավոր՝ Հայաստանի համար կործանարար կետերը հանվեն նախագծից եւ ավելին՝ մեր կողմից գոնե որպես նախապայման դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թեկուզ՝ ոչ ֆինանսական, այլ գոնե բարոյական փոխհատուցման նպատակով ու այդ տարբերակով, փորձել կնքել այդ «համաձայնագիրը»:

Իհարկե, լավ ճանաչելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռագիրը, որ նրանք ցանկացած քայլ անում են միմիայն վերցնելու, խլելու ու իրենց ունեցածն ավելացնելու համար, ապա պարտադիր՝ առանց այդ կետերի պետք է կնքվի սույն «համաձայնագիրը», որից հետո պետք է նաեւ երկար ժամանակով հետեւել դրա կատարմանը ու երկկողմանի՝ ամեն ինչ նորմալ ի կատար ածելու դեպքում, կարելի է մտածել «Սյունիքի միջանցքի» բացման մասին, որը հետագայում Հայաստանին եւս կարող է մեծ եկամուտներ բերել: Կարծում եմ նաեւ, որ այդ «համաձայնագիրն» անպայման պետք է կնքել, ասենք օրինակ՝ Չինաստանի, Ռուսաստանի ու ինչպես նաեւ Ադրբեջանը կպնդի, Թուրքիայի հստակ միջնորդությամբ (քանզի, միեւնույն է, դա պնդելու է հենց Ադրբեջանը), որպեսզի Ադրբեջանը հետագայում չփորձի խախտել այդ համաձայնագրի նորմալ կատարումը: Իհարկե, նման առաջարկության նպատակն այն է, որպեսզի այդ երկրները մշտական վերահսկողություն իրականացնեն այդ համաձայնագրի կատարման նկատմամբ: Ինչպես նախկինում բազմիցս նշել եմ, ճիշտ կլիներ, որ համաձայնագրի մեր առաջարկությունների նախագիծը ներկայացվեր զուտ ժողովրդի ցանկությամբ՝ հանրաքվեի ճանապարհով, որի համար, ցավոք, ժամանակը շատ սուղ է, քանի որ մենք արդեն շատ ժամանակ ենք կորցրել, իսկ շատ բնական է նաեւ, որ իշխանությունները փորձելու են չափազանց արագացնել իրենց ներկայացրած համաձայնագրի տարբերակի կնքումը, այնպես որ, հանրաքվեի ճանապարհով այն իրագործելու տարբերակն արդեն ուշացած կլինի: Կրկնում եմ, մնում է միայն, որ ժողովրդական հանրաքվեով կնքվի նման համաձայնագիրը, քանզի երկրում ծագած ցանկացած լրջագույն հարց պետք է լուծվի ժողովրդի կամքով. ժողովուրդն է իրավասու լուծել նման հարցերը՝ եթե անգամ նա հրաշքով սխալվի:

Եթե չհասցնենք ու կնքվի «համաձայնագրի» իշխանությունների առաջարկած տարբերակը, ապա եթե ոչ բացահայտ, ապա գոնե բազմապիսի պատճառներով Ադրբեջանը մշտապես կդիմի տարաբնույթ շանտաժների ու արկածախնդրությունների եւ վերջին տարբերակում, կսանձազերծի նոր հարձակում Հայաստանի վրա ու կփորձի այդ կերպ գրավել՝ արդեն ողջ Հայաստանը, քանզի, Ադրբեջանի վերջնական նպատակը հենց դա է՝ կյանքի կոչել այդ կոպեկ չարժեցող համաձայնագիրը եւ հասնել իր վերջնական նպատակին՝ Հայաստանի ամբողջական նվաճմանը: Սա թուրքի ձեռագիր է, որում համոզվել ենք դարեր շարունակ, այնպես որ, իշխանությունների առաջարկած տարբերակով կնքված համաձայնագրով, մենք անպայմանորեն կկորցնենք ամբողջական Հայաստանը … Անկախ վերջին տարիներին մեր անցած ճանապարհից, եթե ստորագրվի համաձայնագրի իշխանական տարբերակը, ապա դրան պարտադիր հետեւելու է Հայաստանի վերջնական կործանման տարբերակը, որի համար էլ հենց ամեն ինչ անում է Ադրբեջանը:

Համաձայնագրի կնքման այս տարբերակի դեպքում, Հայաստանը՝ լավագույն դեպքում, հայտնվելու է Կիպրոսի կարգավիճակում, քանզի անում ենք այն նույն սխալները, ինչը արել եւ այժմ էլ անում են Հունաստանի իշխանությունները, ինչի հետեւանքով, Թուրքիան տարիների ընթացքում արդեն գրավել է նաեւ Կիպրոսի ողջ շրջակայքը:

Հայ ժողովուրդ, բերեք չընտրենք Հունաստանի սխալ տարբերակը, մի վերջին հնարքով արթնացնենք մեր նամուսն ու թասիբը, ոտքի կանգնենք եւ փորձենք փրկել մեր աննման հայրենիքը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31