Սկիզբը՝ այստեղ:
«ԱՄՆ-ի պատմական առաքելությունը` Ուկրաինայի կողքին լինելն է», վստահ է Մակրոնը
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո իրավիճակը բավականին փոխվել է, եւ այդ իսկ պատճառով մարտի 6-ի գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի։ Նման կարծիք է հայտնել օրերս Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ պուտինյան Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար: Մակրոնը կոչ էր արել Թրամփին վերսկսել երկխոսությունը Վլադիմիր Զելենսկիի հետ։ «Այնպես որ, չսխալվեք թշնամու հարցում։ Վտանգի տակ է մեր անվտանգությունը»,- նկատել էր Մակրոնը։
Էմանուել Մակրոնը համոզված է, որ չնայած Սպիտակ տանը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ սկանդալային վիճաբանությանը, երկու երկրների ղեկավարներին չի հաջողվի խուսափել երկխոսության վերսկսումից։ «ԱՄՆ-ի պատմական առաքելությունը` Ուկրաինայի կողքին լինելն է, ես դրանում կասկած չունեմ: Այն, ինչ անում է ԱՄՆ-ն վերջին երեք տարիների ընթացքում, լիովին համապատասխանում է նրա դիվանագիտական եւ ռազմական ավանդույթներին: Ես ուզում եմ ամերիկացիներին փոխանցել այն միտքը, որ իրենց շահերից չի բխում հրաժարվել Ուկրաինային աջակցելուց»,- ասել է Մակրոնը:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը, ըստ Ֆրանսիայի նախագահի, կարծես թե ավելի շատ շահագրգռված է Պուտինի հետ զինադադարի հասնել, քան ավանդական ամերիկյան արժեքներին հավատարիմ մնալ: Մակրոնի խոսքով՝ դա սխալմունք է։ «Իհարկե, մենք բոլորս խաղաղության կողմնակից ենք: Բայց Ուկրաինայից հրաժարվելու գնով չի կարող լինել արդար եւ տեւական խաղաղություն»,- ընդգծել է նա՝ զգուշացնելով, որ եթե Վաշինգտոնը համաձայնի ստորագրել զինադադար՝ առանց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, ապա «ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ազդեցությունը Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների վրա նույն օրը կվերանա»: Մակրոնը համոզված է, որ եթե ոչ ոք չկանգնեցնի Կրեմլին, Ռուսաստանի հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո, հավանաբար, ՆԱՏՕ-ի երկիր Ռումինիա ներխուժումը։ Ի դեպ, Մակրոնը իտալական Foglio թերթին տված հարցազրույցում նկատել էր, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թրամփին առաջարկել է վերանայել Ուկրաինայում անհապաղ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Փոխարենը՝ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան առաջարկեցին մեկամսյա հրադադար «օդում, ծովում եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա»։ Սակայն հրադադարը չի ազդի գետնի վրա ռազմական գործողությունների վրա, նկատել էր Ֆրանսիայի նախագահը։ «Չեմ հավատում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին», – Le Figaro-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատմելով Ուկրաինայում այլընտրանքային խաղաղության ծրագրի մասին։ Ծրագրի երկրորդ կետն, ըստ Մակրոնի, ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում։ «Առաջիկա շաբաթներին այնտեղ եվրոպական զորքեր չեն լինի։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը՝ զինադադարի հասնելու համար։ Բանակցությունները հնարավոր է մի քանի շաբաթ տեւեն։ Իսկ երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, կսկսվի տեղակայումը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա եւ այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին։ Սթարմերը պնդել էր, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե Եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան ԱՄՆ-ից:
BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, թե կարծում է, ճիշտ ուղղությամբ են շարժվում: Սթարմերը մատնանշել էր երեք բան, որոնք իր կարծիքով, անհրաժեշտ են Ուկրաինայում կայուն խաղաղության համար՝ ուժեղ Ուկրաինա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Կիեւը կարողանա շարունակել պայքարը եւ բանակցել ուժեղ դիրքերից, Եվրոպայի ներգրավվածություն՝ անվտանգության երաշխիքներով եւ ԱՄՆ աջակցություն: Բոլոր երեք տարրերն էլ անհրաժեշտ են խաղաղությունը երաշխավորելու համար, ընդգծել էր Սթարմերը. «Չի կարող գործարք լինել, որն ամբողջությամբ կձախողվի, եւ հենց դա է անհանգստացնում Զելենսկիին: Նա իրավացիորեն մտահոգված է, որ առաջարկված գործարքը պետք է պահպանվի»:
Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,84 միլիարդ դոլար) վարկ կտրամադրի: Զելենսկին հայտարարել է, որ այդ գումարը կօգտագործվի Ուկրաինայում զենք արտադրելու նպատակով:
Իսկ ահա Մակրոնը հարյուր միլիարդավոր եվրոյի օգնություն է խոստացել Ուկրաինային բազմամյա ծրագրի շրջանակներում։ Եվրամիությունը կքննարկի Ուկրաինային ֆինանսական օգնության նոր լայնածավալ փաթեթ տրամադրել մարտի 6-ին նախանշված արտահերթ գագաթնաժողովում, հայտնել է Ֆրանսիայի նախագահը La Tribune-ին տված հարցազրույցում։ «Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային եւ հանձնարարել Եվրոպական հանձնաժողովին հնարավորինս արագ սկսել համաֆինանսավորման լայնածավալ ծրագիր, քանի որ մենք խոսում ենք մեր անվտանգության մասին»,- ասել է Մակրոնը՝ խոստովանելով որ նման նախագծի իրականացումը տարիներ կպահանջի, ուստի Եվրոպան պետք է ամեն ինչ անի ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու համար։
«Սպիտակ տունը բռնել է կողմ, եւ ընտրել է պուտինյան Ռուսաստանի կողմը»
Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփ-Զելենսկի լեզվակռվի արձագանքները զարմանքից վերածվել են անհանգստության, թե ինչ կլինի հետո, սակայն չկա միասնական կարծիք այն հարցում, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ խաղաղ համաձայնագիր Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ռուս-ուկրաինական պատերազմում։ Եվրոպացի ցնցված առաջնորդները, որոնք փորձում էին շոյել Թրամփի ինքնասիրությունը՝ մեղմորեն մղելով նրան Ուկրաինային հետագա աջակցության ուղղությամբ, հիմնականում սահմանափակվեցին միայն նրանով, որ ասացին, որ աջակցում են Զելենսկիին, գրել էր Washington Post-ը։
«Դեռ շատ վաղ է այս մասին լուրջ եւ հավասարակշռված կարծիք հայտնելու համար», ասել է եվրոպացի դիվանագետը Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման առնչությամբ, հավելելով. «Դա փոխում է տոնայնությունը, բայց այն հիմնարար սկզբունքները, թե ինչու է մեզ անհրաժեշտ խաղաղ կարգավորում, չեն փոխվել»: Դիվանագետը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ թեեւ Թրամփի ագրեսիան ապշեցուցիչ էր, Զելենսկին «այն տոնը չէր ընտրել»՝ հրապարակավ մարտահրավեր նետելով նրան։
ԱՄՆ պաշտոնատար անձինք տարբեր ուղերձներ են հնչեցրել ապագայի վերաբերյալ: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը The Washington Post-ին ասել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինա ռազմական օգնության բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հարցը՝ ի պատասխան Զելենսկիի անզիջում կեցվածքի:
Որոշումը, եթե ընդունվի, կտարածվի միլիարդավոր դոլարներ արժողությամբ ռադարների, մեքենաների, զինամթերքի եւ հրթիռների վրա, ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի հանքային պաշարների նկատմամբ ԱՄՆ իրավունքները կփոխհատուցեն ԱՄՆ հարյուր միլիարդավոր դոլարների օգնությունը:
Սելեստա Ուոլանդերը, որը Բայդենի վարչակազմի ժամանակ որպես Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա, լայն կապեր ուներ Ուկրաինայի կառավարության հետ, ասել է, որ Օվալաձեւ աշխատասենյակի դրվագը «հիմնովին փոխում է ապագա հնարավոր դիվանագիտության դինամիկան»: «Մինչեւ այսօր թվում էր, թե Սպիտակ տունը հավատարիմ է լինելու չեզոք դատավորի դերին՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության արդարացի լուծման շուրջ համաձայնության հասնելու ճանապարհ գտնելու համար,- ասել է նա` հավելելով,- այժմ պարզվում է, որ Սպիտակ տունն իրականում բռնել է կողմ, եւ նա ընտրել է պուտինյան Ռուսաստանի կողմը՝ կարգավորում պարտադրելու համար»:
Ուոլանդերը, որն այժմ ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող է, ասել է, որ Զելենսկիի համար Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացումը կմեծացնի Ուկրաինայի հանդեպ եվրոպական երկրների պարտավորությունների կարեւորությունը:
«Զելենսկին սեփական դարպասը խփեց դիվանագիտական ամենահզոր գոլերից մեկը»
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտն «անընդունելի» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցը։ «Շատ դժվար է տնտեսական գործարք կնքել մի առաջնորդի հետ, որը չի ցանկանում խաղաղության գործարք կնքել», ասել է Բեսենտը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Բեսենտի մեկնաբանությունները հնչեցին անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկիի հետ խոշոր հանքային գործարք կնքելու մղումը ձախողվեց երկու երկրների առաջնորդների միջեւ Օվալաձեւ աշխատասենյակում բուռն վիճաբանության պատճառով:
Բեսենտն ասել է, որ բանակցությունների հրապարակային բնույթն անհարիր է եւ անհարգալից վերաբերմունք ամերիկյան ժողովրդի նկատմամբ: «Միացյալ Նահանգների նախագահի հետ չի կարելի այսպես հրապարակավ բանակցել։ Դրանից հետո մենք պետք է ճաշեինք, եւ գուցե նա որոշ հարցեր բարձրացներ…», ասել է Բեսենտը Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Եվ նորից եմ վերադառնում ամերիկյան ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքին»։
«Պուտինը երբեք կանգ չի առնելու եւ գնալու է ավելի ու ավելի հեռու»,- ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանի առաջնորդը «ատում է ուկրաինացիներին» եւ ցանկանում է կործանել երկիրը։ «Մենք կարող ենք դա անել, բայց դա բավարար չէ», – հավելել է նա գործարքի մասին: Բեսենտը Զելենսկիի փաստարկն անվանել է` «պատմության ամենամեծ դիվանագիտական ինքնագոլերից մեկը»: Գանձապետարանի ղեկավարը շարունակել է, թե առաջարկվող հանքային գործարքը «ֆանտաստիկ գործարք» կլինի:
Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ՝ ստիպելով, որ նա ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի կարեւորությունը կասկածի տակ դնելու համար, գրել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
ԱՄՆ վարչակազմը չգիտի, թե ինչ ուղղությամբ կընթանան խաղաղ բանակցությունները Սպիտակ տանը վիճաբանությունից հետո
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրապարակային ընդհարումից հետո ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման խաղաղ համաձայնագրի ուղին խիստ անորոշ է եւ ամբողջությամբ կախված է Ուկրաինայի առաջնորդի հետագա քայլերից, հայտնել է NBC News-ը։ Ըստ վարչակազմի երկու պաշտոնյայի, այս միջադեպից հետո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նաեւ քննարկել են, թե, արդյոք, պե՞տք է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային, թեեւ պարզ չէ, թե, արդյոք, նախագահը կգնա՞ նման քայլի եւ ե՞րբ: Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործարքը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիք կծառայի Ռուսաստանի ապագա ներխուժումից: Սակայն պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց եւ մնում է առկախ վիճակում:
Ուրբաթ օրը Սպիտակ տունը լքելուց հետո Զելենսկիի հրապարակային հայտարարությունները, ներառյալ սոցիալական ցանցերում գրառումը, որում շնորհակալություն է հայտնում Թրամփին իրեն հյուրընկալելու եւ ամերիկացիներին՝ Ուկրաինային աջակցելու համար, քիչ բան են փոխել նախագահի տեսակետում, եւ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ վարչակազմի մի շարք պաշտոնյաների, համարում են, որ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են:
Ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներից մեկն ասել է. «Գնդակը նախագահ Զելենսկիի դաշտում է։ Նախագահը կարծում է, որ Զելենսկին պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, եւ հենց նա պետք է գա եւ ուղղի ամեն ինչ»։ Թրամփի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա հայտարարել է, որ Զելենսկին դեռեւս հրապարակայնորեն որեւէ ափսոսանք չի հայտնել այն բանի համար, ինչ Սպիտակ տունը համարում է անհարգալից մոտեցում՝ հավելելով, որ ինքը վստահ չէ, թե ինչպես կշարունակվի խաղաղ գործընթացը:
Ի դեպ, Թրամփի վարչակազմի բազմաթիվ պաշտոնյաներ ընդդիմացել են այն քննադատներին, որոնցից ոմանք ենթադրել էին, թե Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփի եւ Զելենսկիի լարված զրույցը բեմադրված է եղել:
ԱՄՆ-ն հասկանում է, որ Զելենսկին այսօր պատրաստ չէ խաղաղ բանակցություններին, բայց ժամանակը նրա օգտին չէ, հայտարարեցին Սպիտակ տնից, միեւնույն ժամանակ` հավելելով. «Թրամփը պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ Զելենսկիի հետ բանակցությունները վերսկսելուն, բայց միայն այն պայմանով, որ նա փոխի իր դիրքորոշումը»։
Իր հերթին Զելենսկին կարծիք է հայտնել, որ չի ցանկանում քննարկել հարցը, թե ինչ եւ ինչու տեղի ունեցավ ԱՄՆ-ում. «Չեմ կարծում, որ պետք է շարունակենք ամուր հարաբերություններ կառուցել այս ձեւաչափով։ Վստահ եմ, այս իրավիճակը կանցնի, եւ առջեւում կարեւոր բաներ են սպասվում։ Եթե բոլորս ավելի կառուցողական լինենք, դրական արդյունք կտեսնենք՝ խաղաղության տեսքով»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2025