Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնության ստանդարտը Հայաստանի Հանրապետությունում չի գործում, հայերեն թարգմանություն առկա չէ. «Ռուգադկայի» գործը

Մարտ 06,2025 13:00

Իմ պրակտիկայում արդեն երրորդ դեպքն է, երբ հուշանվերը դառնում է քրեական գործ հարուցելու հիմք: Մարդիկ ազատ վաճառվող հուշանվեր են գնում, չգիտես ինչպես, նրանց հետեւից «պոչ է նստում», որը նույն օրը կանգնեցնում է, խուզարկում, հայտնաբերում, խնդրեմ: Ու չես կարող չմտածել, թե սա ծուղակ է, որն արվում է վաճառողի եւ իրավապահ մարմինների համատեղ «միջոցառման» ժամանակ: Ի դեպ, մեղադրական եզրակացության հիմքում դրված փորձագիտական եզրակացությունն առաջին ատյանի դատարանը ճանաչել էր անթույլատրելի ապացույց՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «Ստանդարտը, որով որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելու հանգամանքը, հասանելի եղանակով պաշտոնական որեւէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտը կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ (առաջին ատյանի) դատարանի համար պարզ չէ, թե այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին եւ առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված՝ զենքի բնութագրիչ հատկանիշների արժանահավատության վերաբերյալ: Ավելին, այդ կանոններն ի սկզբանե կազմված են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որեւէ աղբյուրում»:

Այդպիսի մի գործ էլ Ե. Պապոյանի գործն է, որը սկսվել է 2021-ից, հանգուցալուծումը օրեր առաջ չտվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը:

2021 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչ Ն.Հարությունյանը որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2021 թվականի հոկտեմբերի 13-ին Ե.Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, այն բանի համար, որ նա 2021 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, մայրաքաղաքում, Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում «տաբատի առջեւի ձախ գրպանում» ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող կռփազենք՝ պատրաստված արհեստագործական եղանակով, որը նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ:

Ե.Պապոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

2021 թվականի հոկտեմբերի 27-ին քրեական գործը մուտք է եղել դատարան, մակագրվել եւ հաջորդ օրը հանձնվել է դատավոր Դ.Բալայանին:

Ե.Պապոյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցուցմունք է տալիս, որ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ընկերոջ հետ Արմավիրից Երեւան գալու ճանապարհին Արմավիրում մտել են որսորդական խանութ՝ հագուստ նայելու նպատակով: Խանութում տեսել է «ռուգադկա», որն իրեն հետաքրքրել է, քանի որ առաջին անգամ է նման բան տեսել եւ տեղեկանալով, որ այն ազատ վաճառվում է՝ գնել է որպես հուշանվեր:

Այնուհետեւ գալիս են Երեւանի «Ռոսիա» տոնավաճառից հագուստ գնում ու գնում զբոսայգի հանգստանալու: Քիչ անց նրանց են մոտեում ոստիկանության աշխատակիցները, ովքեր կարգադրում են դատարկել գրպանների պարունակությունը եւ նկատելով Պապոյանի մոտ առկա «ռուգադկան», նրանց տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պապոյանին խանութի աշխատակիցն ասում է, որ վաճառված առարկան կռփազենք է կոչվում, իսկ Պապոյանն այն գնում է «տեսքի առանձնահատկությունից» ելնելով:

2021 թվականի հոկտեմբերի 1-ի դատատեխնիկական փորձաքննության թիվ 1968-21 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված սեւ գույնի մետաղյա առարկան պատրաստված է արհեստագործական եղանակով կռփազենքերի նմանողությամբ, հանդիսանում է հարվածող-փշրող սառը զենք։

2021 թվականի հոկտեմբերի 6-ին քննիչի որոշմամբ, որպես իրեղեն ապացույց է ճանաչվում եւ գործին է կցվել Ե.Պապոյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված կռփազենքը:

Պաշտպանի հարցադրմանն ի պատասխան 01.12.2021 թվականին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից հայտնվել է, որ ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ եւ սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը Հայաստանի Հանրապետությունում չի գործում, հայերեն թարգմանություն առկա չէ, ինչպես նաեւ հրապարակված չէ պաշտոնական տեղեկագրերում։ Նույն հանգամանքը փաստվել է նաեւ դատարանի կողմից իրավասու մարմնին ուղարկված հարցման պատասխանում. «Ստացվում է, որ փորձաքննության հիմքում դրված ստանդարտը, որով որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելու հանգամանքը, հասանելի եղանակով պաշտոնական որեւէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտը կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ դատարանի համար պարզ չէ, թե այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին եւ առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված՝ կռփազենքի բնութագրիչ հատկանիշների արժանահավատության վերաբերյալ: Ավելին, այդ կանոններն ի սկզբանե կազմված են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որեւէ աղբյուրում: Ընդ որում, ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ եւ սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը ՀՀ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված չէ, հետեւաբար, չի գործում, որպիսի պայմաններում դրա հիման վրա կատարված դատավարական գործողության արժանահավատությունը ողջամտորեն կասկածի տակ է հայտնվում օրինականության սկզբունքի հնարավոր պահպանված չլինելու տեսանկյունից»:

2022թ. սեպտեմբերի 19-ին դատարանը նրան անպարտ է ճանաչել, արդարացրել հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը գտնում է, որ ԳՕՍՏ Ռ 51215-98 «Սառը զենք. Տերմիններ եւ սահմանումներ» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի բավարարում «հասանելիության» եւ «կանխատեսելիության» չափանիշներին, հետեւաբար, չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին։ Նման պայմաններում հիշյալ ստանդարտը հնարավոր չէ կիրառել Եղիշե Պապոյանի մոտից հայտնաբերված առարկայի՝ կռփազենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս: Այլ խոսքով՝ Եղիշե Պապոյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկան կռփազենք ճանաչելու համար չեն կարող հիմք ընդունվել այդ ստանդարտում սահմանված բնութագրիչ հատկանիշները, ինչպես նաեւ առարկան կռփազենք ճանաչելու վերաբերյալ նկարագրված մեթոդիկան:

Վերոգրյալից զատ, դատարանը հարկ է համարում համեմատական անցկացնել «Զենքի» մասին ՀՀ օրենքի կարգավորումները՝ նմանատիպ այլ հարաբերությունների համատեքստում»։

Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես դատավճիռը թողել էր անփոփոխ (նախագահող՝ Գ.Հովհաննիսյան):

Բողոք բերած դատախազը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը, ամբաստանյալ Ե.Պապոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ նշանակելով համաչափ պատիժ:

Վճռաբեկ դատարանը (նախագահող՝ Հ. Ասատրյան) նախորդ օրը բեկանել է դատավճռն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ վարույթը փոխանցել Երեւան քաղաքի ասռաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ե.Պապոյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փորձագետի թիվ 1968-21 եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետեւությունը հիմնավոր չէ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2025

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31