Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է գրվելու 2050 թվականի պատմության դասագրքում

Մարտ 06,2025 10:00

Այսօր, երբ դեռ ողջ ենք մենք՝ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդի ականատեսներս, գոյություն ունի այդ իրադարձությունների որոշակի ընկալում: Այդ ընկալումը, ինչպես ամեն ինչը մեզանում, բեւեռացված է: Թե ո՞ր ընկալումն է «հաղթելու», երբ մենք չլինենք, հիմա դժվար է ասել: Բայց որոշ ենթադրություններ ես, այնուամենայնիվ, ունեմ:

Ի՞նչ էր Հայաստանի համար 1990-ականների առաջին կեսը՝ «ցրտի-մթի տարինե՞ր», ինչպես որ դա 1998-ից հետո մարդկանց գլուխն էր մտցնում քոչարյանական քարոզչությունը, թե՞ հաղթանակների տարիներ, ինչպես որ կարծում եմ ես եւ մեր քաղաքացիների փոքրամասնությունը: Հիմա, եթե ես թեկուզ ամեն օր գրեմ իմ կարծիքը, որ Արցախի ազատագրումն ավելի կարեւոր էր, քան կենցաղային դժվարությունները, միեւնույն է, ոչ ես, ոչ էլ որեւէ մեկն այսօր չի կարողանա 100 տոկոսով ապահովել այս կամ այն վարկածի գերակայությունը 2050 թվականի պատմության դասագրքերում:

Առայժմ, իմ տպավորությամբ, կշեռքի նժարը թեքվում է դեպի «ցուրտն ու մութը»: Այսօր, համենայնդեպս, պարզ է, որ այդ տարբերակն ավելի ձեռնտու է ներկայիս իշխանություններին, որոնց մեղքով այդ հաղթանակները զրոյացվեցին: Որովհետեւ՝ եթե «ցուրտ եւ մութ» էր, եթե «թալան էր», եթե «դժբախտ-դժգույն քաղաքներ» էին, ապա այդ հաղթանակներն արդեն իսկ մեծ չափով արժեզրկվում են: Նրանք, ովքեր չեն կարող ժխտել, որ եղել են հաղթանակները, բայց ստիպված են միանալ իշխանության քարոզչությանը, ընտրել են «միջանկյալ տարբերակները». «Այո, ազատագրել ենք, բայց 2018 թվականին հեղափոխությունը դրանից կարեւոր էր», «Այո, լավ մարդիկ ազատագրել են, իսկ վատ մարդիկ ամեն ինչ գողացել են»: Կարծես, հնարավոր չէ, որ ազատագրողները նաեւ գողանան. ցավոք, համաշխարհային պատմությունը հակառակն է ցույց տալիս:

Եթե այդ ամենին գումարենք, որ այսօր իշխանությունը քարոզում է «իրական»՝ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը, իսկ Արցախն այդ «իրականի» մեջ չի մտնում, ապա դրանից կարելի է ուղիղ հետեւություն անել, որ 1988 թվականի շարժումը եւ դրան հաջորդող պատերազմն անիմաստ էին:

Այնպես որ անհավանական չէ, որ 25 տարի հետո պատմության դասագրքում գրված կլինի մոտավորապես հետեւյալը. «1988 թվականին մի խումբ արկածախնդիրներ, ԽՍՀՄ Կենտկոմի եւ ԿԳԲ-ի հրահրմամբ, սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, իսկ այնուհետեւ հարձակվեցին հարեւան երկրի վրա ու գրավեցին դրա ինքնիշխան տարածքի 20 տոկոսը: Դրանից 26 տարի հետո Ադրբեջանը կարողացավ ազատագրել իր տարածքը, իսկ Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք վերջ տվեցին հայկական ֆաշիզմին ու ռեւանշիզմին»:

Պարզ չէ, սակայն, այդ դեպքում դա կլինի հայկակա՞ն, թե՞ թուրքական դասագիրք: Եթե «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» հաղթի, ապա, շատ հավանական է, հայկական պետություն այլեւս չի լինի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Գուցե առաջին նախագահի մամուլի խոսնակի համար դրանք ընդամենը կենցաղային դժվարություններ էին, բայց հասարակ քաղաքացիների համար դրանք իրոք մութ ու ցուրտ տարիներ էին, ու Քոչարյանը այստեղ կապ չունի։ Ծնողներս անձամբ են տեսել, թե ինչպես են մարդիկ հացի հերթերում մահանում, ո՞նց կարելի է դա ժխտել։ Պատմությունը պետք է գրվի այնպես, ինչպես այն կա։ Առանց ճոխացնելու, առանց միայն “մեդալի մի կողմը ցույց տալու”։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Որպես նախագահի մամուլի քարտուղար, ես ստանում էի այնպիսի աշխատավարձ, որը հերիքում էր կես ամիս հաց գնելու եւ այլ եկամուտ չունեի: Բնականաբար, հացի հերթերում ես էլ կանգնում: Խնդրում եմ, ճշտեք՝ որ թվականին, որ ամսաթվին, որ ժամին, որ խանութում են Ձեր ծնողները տեսել, որ ինչ-որ մեկը մահացել է հացի հերթում:

      • Դավիթ says:

        Մոտավորապես 1991-92թթ, քաղաք Աբովյան, կինոի շենք

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Մոտավորապես պարզ է

          • Դավիթ says:

            Դեպքի վայրը նշել եմ, եթե չեք հավատում, ապա դա ստուգելը դժվար չէ։

          • Հայ says:

            Մեր վերեւի հարեւանը հացի հերթում մահացել է: Չեմ հասկանում, թե ինչ արտառոծ բան կա էդտեղ, որ չեք հավատում:Դա տեղի է ունեցել եղբորս աչքի առաջ Ռիգա գաստրոնոմում: Մարդկանց մեծ մասը, իր կյանքի զգալի հատվածը, անց էր կացնում հացի հերթերում եւ եթե հացի հերթը որոշակի տեսանելի էր, մահվան հերթը՝ նման արտոնություն չուներ:

  2. Հ.Շ. says:

    Որպէս Աւանդական Սփիւռքի զաւակ, ինծի համար անհասկնալին այն է, որ՝ սոյն Սփիւռքի մէջ ալ կան հայեր, որոնք համաձայն են ՀՀի այժմու վարչակարգին հետ:

    Այսինքն, հայաստանցիներու պարագային, դեռ կրնամ որոշ չափով հասկնալ: Զարհուրելի վիճակի մէջ կը գտնուին:

    Սակայն Աւանդական Սփիւռքի հայը, գոնէ տեսական, գաղափարական գետնի վրայ, ինչո՞ւ չի փորձեր հակառակ քարոզչութիւն մը իսկ արտայայտել, ջանալ փրկելու համար գոնէ որոշ հայաստանցիները՝ իրենց… անէացումէն: Անձնակա՛ն անէացումէն: Ոչ թէ ազգային գետնի վրայ, այլ մարդկայի՛ն:

    Բայց ընդհակառակը…ձայն հանողներուն մեծամասնութիւնը, տեւաբար կ’արդարացնէ փաշինյանիզմը: Եւ՝ ո՛չ, ոչ յանուն իրապաշտութեան: Իրենց հոգը չէ հայաստանցիների իսկական վիճակը: Այլ դեռ կը զօրակցին Փաշինյանին եւ իր նմաններին՝ օդին մէջ բաներով, գաղափարաբանական զառանցանքներով… Ժողովրդավարութիւն, մողովրդավարութիւն, պիլմեմնէ… Էշու չափ մարդիկ, յիսուն, վաթսուն, եօթանասուն տարեկան անձեր, դեռ այդ հանկերգը կը գեղգեղեն… չնկատելով որ, այդ իսկ, չէ հիմնուած իրողութիւններու վրայ:

    Հիմա միայն հասկցայ թէ ինչու շատ մը Աւանդական Սփիւռքի, մարդավարի հայեր, դիտումնաւոր կերպով՝ կ’օտարանան: Լրիւ կ’անջատուին, կ’ազատագրուին Հայութենէն:

    Դժբախտաբար, ինծի համար ուշ է այլեւս, ատիկա: Սակայն, գոնէ կը հեռանամ:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Դավիթ says:

      Պատճառը, հավանաբար, այն է, որ նիկոլականները լռեցնելու ունիվերսալ մեթոդ ունեն։ Ու դա հատկապես շատ լավ է աշխատում արտերկրում ապրող և ընդդիմադիր հայացքներ ունեցող հայերի վրա։

  3. Հայ says:

    Մեր դասարանի ամենալավ եւ արեւի լույսի պես աշակերտները լքեցին բարոյալքված Հայաստանը, իրենց ընտանիքների հետ: Զորբա, անգութ, ստոր ու տգետ առեւտրականները դարձան երկրի տերերը:Գողանալն ու խափելը դիմացիին, ուժով կամ փողով ճնշելը, դարձավ խելքի եւ աչքաբացության չափանիշ: Գիտելիք ստանալը. գրագետ խոսելը,օրենքի անուն տալը դարձավ ծիծաղի առարկա: Կոնկրետ ապացույցներ եք ուզում ?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31