Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը եղել է իսկական հայրենասեր հայի օրինակ, ում կերպարը և գաղափարախոսությունը մինչ օրս ապրում է հայի ներսում

Մարտ 05,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյա տարեդարձին նվիրված՝ ՀՀ Արմավիր քաղաքում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում կայացավ ցերեկույթ՝ վարժարանի սաների մասնակցությամբ։ Ներկա էին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, ավագանու անդամների, ՀՀ ՆԳՆ Փրկարարական ծառայության, Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Փ/Ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը, աշխատակիցներ, վարժարանի հիմնադիր, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ով մինչ 2021թ․ տնօրինել է կրթօջախը, տնօրեն Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, հյուրեր, ծնողներ։

Ցերեկույթը բացեց վարժարանի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Շողեր Սարգսյանը՝ ողջունելով ներկաներին։  Կրթօջախի սաները ներկայացրեցին Սպարապետի կենսագրական տվյալներ, նրա խոսքերը։ Կարևորվեց մեր ժամանակների ռազմական գործչի դերը Հայոց Երրորդ Հանրապետության բանակի կազմավորման, Արցախի և հարակից տարածքների ազատագրման, ՀՀ սահմանների անառիկ պահելու սրբազան գործում։

Սպարապետի մասին հուշեր պատմեցին․

«1990թ․ նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հին Շեն գյուղի պաշտպանության ժամանակ հերոսաբար նահատակվեցին քաջորդիներ՝ երևանցի հատուկջոկատային Վաղինակ Զաքարյանը և նույն գյուղի բնակիչ Սամվել Խաչատրյանը։ Հաջորդ օրը Բերդաձոր եկավ Սպարապետը։ Նույն ուղղաթիռով եկանք Երևան՝ բերելով նահատակին։

Գորիսում ուղղաթիռը վայրէջք կատարեց։ Սպարապետը մոտեցավ մեզ, տեղեկացրեց՝ ծանր վիրավոր են բերելու, ու կարգադրեց այնպես պահենք մեզ, որ վիրավորը չիմանա նահատակի մասին»։

Իր ելույթում Արմավիրի համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին Վ․ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն հայտնեց կազմակերպված ցերեկույթի համար։ Կարևորեց Վ․ Սարգսյանի դերը մեր պատմության մեջ՝ համարելով նրան խորհրդանիշ, ում պետք է նմանվել՝ որպես ուսուցիչ, որպես զինվորական, որպես շինարար, որպես մարզիկ։

Հանդիսավոր մասից հետո Շ․ Սարգսյանը տեղեկացրեց․ «Վազգեն Սարգսյանը եղել է իսկական հայրենասեր հայի օրինակ, ում կերպարը և գաղափարախոսությունը մինչ օրս ապրում է հայի ներսում:

Այսօր մեր վարժարանում տեղի կունենա «Ազգը՝ Բանակ» լուսանկարների ցուցադրությունը»:

Ցուցահանդեսը Սպարապետի ծննդյան օրվան էր նվիրված։ Ցուցադրության առաջին բացումը կայացավ 2025թ․ փետրվարի 7-ին Թեքեյան մշակութային կենտրոնում՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Ներկաները ծանոթացան լուսանկարների ցուցադրությանը։ 300 և ավելի լուսանկարներ պատմում են 1989 թվականից սկսած ՀՀ բանակի հիմք հանդիսացող ռազմական ջոկատների և մինչ 2025թ․ բանակի հետ առնչվող իրադարձությունների մասին։

Վարժարան էին եկել նաև Արմավիրի տարածքում բնակություն հաստատած քաշաթաղցիներ։ Վարժարանի փոխտնօրեն Գարիկ Մելիքյանը նույնպես երկար ժամանակ բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոնում։ Օրվա ընթացքում զրուցեցի վարժարանի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն, կապիտան Անդրանիկ Բարեյանի հետ։ Ասաց՝ արդեն 30 տարի՝ կրթօջախի հիմնադրման օրվանից է աշխատում այստեղ։ Մինչ այդ ՀՀ ՊՆ Ն մոտոհրաձգային գնդի կազմում(հրամանատար՝ Կ․ Ղումաշյան) մասնակցել է մարտական գործողությունների։ Կ․ Ղումաշյանի գլխավորությամբ գործող «Արամազդ» ջոկատի կազմում մասնակցել է նաև 2016թ․ Ապրիլյան, 2020թ․ պատերազմներին։ Ցավոք ջոկատն ունեցել է 3 զոհ։ Ցերեկույթից հետո Կ․ Ղումաշյանը պատմեց վարժարանի հիմնադրման մասին, ինչպես է Սպարապետն աջակցել սկզբում ճամբար-կենտրոն հիմնել, որն էլ շուտով դարձել է վարժարան։

Այսօր վարժարանն ունի 100-ից ավելի սան՝ նաև աղջիկներ։ Զրուցեցի նաև աշակերտների հետ։ 9-րդ Բ դասարանի աշակերտ Կարեն Խաչատրյանի ընտանիքը 2023-ին է բռնագաղթվել Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից։

Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Ունի իրենից փոքր մի եղբայր ու մի քույր, ովքեր սովորում են Քասախի Ռ․ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում։ Վճռական է Կարենը՝ դառնալու է զինվորական։ Խաժակ Գրիգորյանը Գյումրիից է, սովորում է 11-րդ Ա դասարանում։ Հարցիս՝ շարունակելու է զինվորական կյանքը․ զինվորին վայել պատասխանեց՝ ճիշտ այդպես։ Արմավիր քաղաքից են 10-րորդցիներ Անդրանիկ Մանուկյանը և Տաթև Սարդարյանը, վերջնական չեն որոշել հետագա անելիքը, բայց կմտածեն զինվորական դառնալու համար։

 

 

  Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31