Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 99 հոգանոց ցուցակում «Մեր Սարիկի» հետ միասին ընդգրկվել են քաղաքական թիմի անդամներ, այդ թվում նաև ինքը, ինչպես նաև Գյումրիում հարգանք վայելող ու ճանաչում ունեցող մարդիկ։
Լրագրողներից մեկի հարցին, թե հեղինակություն վայելող մարդիկ կուզենա՞ն մտնել ՔՊ-ի ցուցակ, Նազելի Բաղդասարյանը որպես վառ օրինակ մատնանշեց իրեն ու իր գործընկերներին։ Նա նաև տեղեկացրեց, որ ինքը ցուցակի նախավերջին համարում է՝ 98-րդ տեղում է, մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ 99-րդ։
Լրագրողները, նրան հիշեցնելով իր օրեր առաջ կատարած գրառումը, որով ակնարկում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիներին իշխող կրիմինալի մասին, հետաքրքրվեցին՝ եթե իրոք այդքան հանցագործություն է կատարել, ինչո՞ւ է ազատության մեջ։
Կարդացեք նաև
«Իմ գրառման մեջ նշել էի, թե գյումրեցիները հիշում են՝ ով որ թվին ինչքան, ինչ է թալանել, յուրացրել և այդ ամենի մասով կան ապացույցներ, կան բազմաթիվ քրեական գործեր։
Այդ մասին խոսել եմ, երբ Ազգային ժողովի պատգամավոր էի, Ազգային ժողով ամբիոնից եմ խոսել ոչ միայն Վարդան Ղուկասյանի մասով, այլ բոլոր պաշտոնյաների, որոնք Գյումրի քաղաքից ինչ-որ ապօրինություններ են իրականացրել։ Եվ հիմա բոլորի առումով, այն ինչ հայտարարել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ բոլոր գործերով այժմ քրեական վարույթներ կան, մասնավորապես Սև Բերդի գործն է, մասնավորապես Գյումրու կենտրոնական զբոսայգու գործն է։
Այո, քրեական գործեր կան, և եթե չեմ սխալվում վերջերս դատախազությունը նշել էր, քանի ապօրինի գույք է այդ քրեական գործով անցնում, այսինքն այն ամենը, ինչի մասին ես Ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ», -ասաց Նազելի Բաղդասարյանը։
Հարցին՝ ձեր այդ հայտարարությունը չի դիտարկվի՞ քաղաքական ճնշում,պատասխանեց․ «Պարոն Ղուկասյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ես չէի ուզում քաղաքականություն մտնել, ինձ ստիպեցին, գործերս փորեցին։
Ինքն ասում է՝ գործերս սկսեցին փորել, ճնշել, խեղդել, և ես մտա քաղաքականություն։ Հիմա եկեք հասկանանք՝ քաղաքական որևէ հետապնդման տեղ տեսնո՞ւմ եք, ընդհակառակը մարդը, որպեսզի իր ունեցվածքը, ենթադրաբար այդ չարաշահումները փորձի քողարկել, այդ ապօրինությունները փորձի ներկայացնել քաղաքական շղարշի ներքո, մտել է քաղաքականություն, որ վաղը մյուս օր ինչ-որ քրեական գործերով անմեղության կանխավարկածը պահենք, եթե ինչ-որ ընթացք ունենա, ասեն քաղաքական հետապնդում էր»։
Նազելի Բաղդասարյանը շեշտեց, որ այդ պահի հայտարարություններն անում է որպես գյումրեցի և քաղաքացի, ոչ որպես վարչապետի մամլո խոսնակ։
Լրագրողները նրան հիշեցրեցին, որ Վարդան Ղուկասյանը սպառնացել է, թե երևանից եկած շներին տեսեք ինչ է անելու, որին ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանն ասաց․ «Եթե հիշում եք, ինձ ոչ միայն այս փուլում է սպառնացել, այլ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաև իմ երեխայի հետ կապված դեպքը, երբ քրեական ենթամշակույթի մասին օրենքն էի զեկուցում։
Այո, այդ սպառնալիքներին սովոր ենք, բայց ես վստահորեն ասելու եմ՝ մենք, այսինքն ժողովուրդը, այսինքն իշխանությունը, որովհետև Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, թույլ չենք տալու, որպեսզի 1999-2012 թվականի կրիմինալը վերադառնա քաղաք»։
Հակադարձմանը, թե Վարդան Ղուկասյանն ասում է, որ հիմա կրիմինալն ավելի շատ է, քանի իր կառավարած տարիներին, Նազելի Բաղդասարյանը հորդորեց նախկին քաղաքապետին ու առհասարակ նման տեղեկատվություն ունեցողներին գնալ ու դիմել Շիրակի մարզի դատախազություն, որը գտնվում է Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում