Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանը փակել առանց ներգաղթի մեր կոտրված համակարգն ուղղելու նշանակում է զբաղվել ախտանիշներով, այլ ոչ բուն հիվանդությամբ»․ ամերիկյան ընդդիմության արձագանքը նախագահ Թրամփին

Մարտ 05,2025 21:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմության անունից ԱՄՆ նախագահի տարեկան ուղերձին արձագանքել է Ներկայացուցիչների տանը Միչիգան նահանգը ներկայացնող Էլիսա Սլոթքինը։

Ի տարբերություն Դոնալդ Թրամփի ավելի քան 90 րոպե ձգված ուղերձի, միչիգանցի ընդդիմադիրի հակադարձ ուղերձը ընդամենը տասը րոպե տեւողություն ուներ։

Դեմոկրատի պնդմամբ՝ նախորդ շաբաթ Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի բախումն «ամփոփում է Թրամփի մոտեցումն ամբողջ աշխարհի նկատմամբ»։

Օրենսդիր մարմնի անդամի գնահատմամբ՝ Թրամփը «կողմնակից է Վլադիմիր Պուտինի նման բռնակալների հետ համերաշխության եւ մեր ընկերների, օրինակ՝ կանադացիների, ատամներին հարվածելուն։ Նա Ամերիկայի առաջնորդությունը դիտարկում է ընդամենը որպես անշարժ գույքի գործարքների շարք»։ Աշխարհում խաղաղություն հաստատելուն միտված Դոնալդ Թրամփի ջանքերի առնչությամբ ներկայացուցիչ Սլոթքինն ընդգծեց, որ ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական հզորությունը պետք է համադրված լինի բարոյականության հետ։

Սլոթքինի կարծիքով՝ ԱՄՆ անօրինական ներգաղթի խնդրի հետեւում «ներգաղթի կոտրված համակարգն է»։

«Սահմանը փակել առանց ներգաղթի մեր կոտրված համակարգն ուղղելու նշանակում է զբաղվել ախտանիշներով, այլ ոչ բուն հիվանդությամբ», – ասել նա ապա հիշեցրել՝ Ամերիկան ներգաղթյալների երկիր է, եւ համապատասխան ընթացակարգեր անցած օտարերկրացիները պետք է կարողանան ներգաղթել ԱՄՆ։

Դոնալդ Թրամփի տնտեսական եւ հարկային քաղաքականության մասին Սլոթքինը հետեւյալն ասաց․ «Նախագահ Թրամփը փորձում է աննախադեպ նվիրաբերումներ իրականացնել իր միլիարդատեր ընկերների համար»՝ հավելելով, որ դա արվելու է հասարակ ամերիկացիների հաշվին՝ թանկացումների տեսքով։

Կոնգրեսականը կշտամբել է նաեւ Իլոն Մասկին՝ շեշտելով, որ կառավարությունում Մասկի նախաձեռնած փոփոխությունները «քաոս են առաջացնում եւ խաթարում են երկրի տնտեսական անվտանգությունը»։

Ըստ Սլոթքինի՝ ամերիկացիների մեծ մասը երեք հիմնաքարային հավատամք է կիսում․ «1/ Միջին խավը երկրի շարժիչ ուժն է, 2/ Հզոր ազգային անվտանգությունը պաշտպանում է երկիրը վնասներից, եւ 3/ Ամերիկյան ժողովրդավարությունը, որքան էլ թերի լինի, մնում է չկրկնօրինակված եւ արժանի է, որպեսզի պայքար լինի նրա պահպանման համար»։

Իր ելույթում Էլիսա Սլոթքինը կարեւոր է համարել երկրի միասնականությունը։ Նա նշել է, որ իր հայրը հանրապետականների աջակից է եղել, իսկ մայրը՝ դեմոկրատների։ «Բայց դա խնդիր չէր, քանի որ կան համատեղ արժեքներ, որոնք ավելի վեհ են, քան որեւէ կուսակցություն», – ասել է Սլոթքինը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31