Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 9 քաղաքական ուժեր՝ 3 դաշինքներ և 6 կուսակցություններ․ այսօր ժամը 18․00-ին ավարտվեց փաստաթղթերի ընդունման ժամկետը։
Դաշինքներն են՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը», «Եվրադաշինքը»։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջինը՝ մարտի 1-ին փաստաթղթերը ներկայացրել է «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրանց ցուցակը բաղկացած է 33 հոգուց։
Կարդացեք նաև
Երեկ՝ մարտի 4-ին փաստաթղթերը ներկայացրել է « Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նրանց ցուցակը բաղկացած է 40 թեկնածուից։
Այդ նույն օրը առաջադրվել է նաև «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ 32 հոգանոց ցուցակով, որի քաղաքապետի թեկնածուն նախկին երգիչ Արտյոմ Թումանյանն է։
Այսօր առաջադրվել են մյուս վեց քաղաքական ուժերը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 30 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 34 հոգանոց ցուցակով, այն գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ունի 23 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի 99 հոգանոց ցուցակ , այն գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
«Մայր Հայաստան» դաշինքն ունի 56 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։
Ամենավերջում իր փաստաթղթերն է ներկայացրել «Եվրադաշինքը»՝ 25 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Այսպիսով՝ ամենաճոխ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ այն 99 թեկնածու ունի, իսկ ավագանու ամենաքիչ թեկնածուներն ունի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որը ներկայացրել է 23 հոգանոց ցուցակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ