Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք թունավոր ծառի պտուղների հետ». փաստաբան Առնոլդ Վարդանյանը արդարացման վերդիկտ է ակնկալում Արուսյակ Ալեքսանյանի գործով

Մարտ 05,2025 20:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի  պաշտպան Առնոլդ Վարդանյանը: Նա այս դատավարության հիմնական խնդիրը համարում է իրավական երաշխիքների պահպանված չլինելը, որ ի սկզբանե այն գործողությունները, որ կատարվել են, դատարանի կողմից նախ չեն ստուգվել, որովհետեւ հնարավոր չի եղել օպերատիվ աշխատակիցներին բերել դատարան, հակընդդեմ հարցման ենթարկել, չեն պահպանվել Արուսյակ Ալեքսանյան դատավորի անձեռնմխելիության հաղթահարման հետ կապված իրավական երաշխիքները, որոնք բխում են դատավորի անձեռնմխելիության էությունից:

«Այն ապացույցները, որոնք գործով ձեռք են բերվել, «Թունավոր ծառի պտուղների» կոնցեպտի համաձայն բոլորը անթույլատրելի են: Գործով կա արհեստական ապացուցողական զամբյուղ, եւ քննիչը գործով ձեռք բերված մի շարք տվյալներ զուտ քանակի ապահովման նկատառումներից ելնելով, կամ ուղղակի քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ ճանաչել է որպես արտավարույթային փաստաթուղթ եւ դրել է մեղադրանքի հիմքում:

Կար առանձին ներկայացված մասնագիտական կարծիք նյութական իրավունքի կիրառելիության հետ կապված: Մասնավորապես, հոդվածների առ այն, որ տվյալ պարագայում Արուսյակ Ալեքսանյանին միաժամանակ մեղսագրվում է ընդհանուր եւ հատուկ հանցակազմ: Բացի դա, տվյալ պարագայում եթե նույնիսկ հատուկ հանցակազմի մասին ենք խոսում, հատուկ հանցակազմն ունի անորոշություն, որովհետեւ տվյալ պարագայում որեւէ մեկը չի կարող որոշել, թե արդարությունը ինչ հասկացություն է:

Եվ երրորդ, տվյալ դեպքում ամենակարեւորը: Այն, ինչ Արուսյակ Ալեքսանյանին մեղսագրվում է, դա ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հետ կապ չունի, որովհետեւ այդ հանցակազմի իմաստով միմիայն դատավճիռ, վճիռ կամ այլ դատական ակտի կայացումն է: Սակայն տվյալ դեպքում խափանման միջոցի վերաբերյալ որոշումը չի կարող դիտարկվել որպես ակնհայտ անարդար դատական ակտ:

Դատարանից խնդրվել է այս բոլոր հանգամանքներին անդրադարձ կատարել եզրափակիչ դատական ակտ կայացնելիս եւ նկատի ունենալով այս իրավական երաշխիքների ամբողջ համալիրը խախտված լինելու հանգամանքը՝ կայացնել արդարացման վերդիկտ»,-Aravot.am-ին ասաց փաստաբան Առնոլդ  Վարդանյանը:

Նիստը հետաձգվեց: Նկատի առնելով, որ եզրափակիչ ելույթով հանդես են գալու մյուս պաշտպանները եւ ինքը՝ Արուսյակ Ալեքսանյանը, ժամանակին նույնպես նման ցանկություն հայտնել է, դատարանը կողմերի հետ համաձայնեցրեց հաջորդ նիստերի օրերը: Դրանք նշանակվեցին մարտի 26-ին, ժամը 14:00-ին, ապրիլի 2-ին, ժամը 14:30-ին եւ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31