ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նոր կարգավորումները, որոնք վերաբերում են խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է շրջանառության հարկի փոխարեն կիրառել տուրք, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի անմիջապես, այլ ոչ թե վեց ամիս հետո:
Կարդացեք նաև
Խաղադրույք ձեռք բերելու իրավունքի գործող տուրքն առաջարկվում է բարձրացնել կրկնակի: Այս պահին վիճակախաղերի համար գործող տուրքը 0,1 տոկոս է կազմում խաղադրույքի ծավալի նկատմամբ, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 0,175 տոկոս: Վիճակախաղերի համար այն կսահմանվի 0,2 տոկոս, իսկ ինտերնետ շահումով խաղերի համար` 0,35 տոկոս: «Գործադիրի ղեկավարը նաեւ առաջարկել է պրոգրեսիվ աճ սահմանել այս տուրքի բարձրացման համար՝ մինչեւ խաղային օպերատորի գործարկվելը: Այս մասով Ֆինանսների նախարարությունն արդեն ձեւակերպել է նախաձեռնության առաջարկի տարբերակը: Սահմանվում է, որ ապրիլի մեկից տուրքը պետք է բարձրացվի երկու անգամ: 2026 թվականի հունվարի մեկին, եթե չունենանք խաղային օպերատոր, ապա տուրքը եւս մեկ անգամ կբարձրացվի այն չափով, որքան հիմա է բարձրանում»,- նշել է հիմնական զեկուցողը: Նա հայտնել է, որ եթե ընկերությունները գնան շրջանառության ծավալներն արհեստականորեն նվազեցնելու ճանապարհով, ապա հարկային բեռը բարձրացնելուն ուղղված նոր օրենսդրական փոփոխություն է ներկայացնելու:
Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը խոսել է շրջանառության հարկը պետական տուրքով փոխարինելու նպատակահարմարության մասին եւ պարզաբանել, որ փոփոխությամբ մոտավոր հաշվարկով ամեն ամիս 2,7 մլն դոլար հավելյալ եկամուտ է ստացվելու այս մասով: «Չեմ ցանկանում այս եկամուտները կորցնենք, եւ այս կարգավորումը 6 ամիս ուշ ուժի մեջ մտնի»,- նշել է հիմնական զեկուցողը: Բնագավառի խնդիրների կարգավորման առումով կարեւորվել է խաղային ոլորտի օպերատորի ինստիտուտի ներդնումը: Պատգամավորները խոսել են խաղային օպերատոր չունենալու պատճառների, խաղամոլության հետեւանքների եւ դրանց վերացման մեխանիզմների մասին:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկել է այս տեսքով հավանության արժանացնել օրենսդրական փաթեթը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ Ազգային ժողով