«150 գերի ունեինք, իսկ մնացածի ժամանակ ինչի՞ էդ ելույթը չէիք ունենում, էդ նկարները որ ցույց եք տալիս, մյուսների նկարները ինչի՞ ցույց չէիք տալիս»,- այսօր խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին նախատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում էր Բաքվի բանտերում գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրով՝ ցուցադրելով նրանց խոշտանգված նկարները։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ հստակ քայլեր է նկարագրել, թե ի՞նչ կարող է անել ՀՀ իշխանությունը՝ գերիներին ետ բերելու ուղղությամբ եւ հետաքրքրվեց՝ բացի հայտարարություններից, ի՞նչ եք անում հայրենիք վերադարձնելու ՀՀ քաղաքացիներին, ովքեր խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք խաղաղություն եք բանակցում։
«Մինչեւ դուք Ադրբեջանի հետ մթնոլորտ եք ստեղծում, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Ձեզ հաջողվե՞լ է որեւէ միջազգային կառույցի ներկայացուցչի ուղարկել բանտ՝ իրենց աչքերով տեսնելու մեր հայրենակիցներին»,- Նիկոլ Փաշինյանին հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Կարդացեք նաև
«Երբ դուք ասում եք՝ այն երկրի բանտերում, որի հետ մենք պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել․․․ Խաղաղության պայմանագրի ստորագրման ջանքերը մեկն է այն գործողություններից, որը կարող է եւ ամենայն հավանականությամբ նպաստ կբերի այդ եւ այլ հարցերին»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բացի հայտարարություններից, իրենք ջանում են հավատարիմ մնալ խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Ես ՀՀ վարչապետն եմ, եւ դա ինձ թույլ է տալիս կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլ ՀՀ-ի եւ ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրների լուծման վրա՝ համաչափորեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ