ՔԻՀԿ հայտարարությունը Ադրբեջանում հետապնդվող հայ գերիների վերաբերյալ
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրում Արցախի նախկին ղեկավարության դեմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրա։ Ազգությամբ հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է և տարածված է դպրոցական դասագրքերից մինչև պետական պաշտոնյաների և երկրի նախագահի քաղաքականությունը։ Հայերը Ադրբեջանում առավել հաճախ ատելության խոսքի թիրախում հայտնվող խմբերից են և այս իրավիճակի բարելավմանը որևէ քայլ կամ զարգացում չի արձանագրվել։
Ըստ Freedom House-ի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մեկն աշխարհում։
Դատավարական իրավունքների կոպիտ խախտումները բազմաթիվ են քննության բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրեական դատավարությունը չարաշահվում է քաղաքական նպատակներով։ Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից։
Կարդացեք նաև
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, ինչն արդեն հաստատվել է կոմիտեի ներկայացուցչի կողմից։
Ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնողները ենթարկվում են առավել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դեպքերից էր Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը և մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական հաղթանակի օրը։ Երկրի ղեկավարությունն այն անվանել էր «ինքնասպանություն», թեև Աբասզոդան մահվանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է և կարող է ավարտվել ցանկացած պահի։
Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները և մյուս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտվել առհասարակ որևէ, առավել ևս՝ արդար դատաքննության իրավունքից։
Հետևաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը պետք է լինի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների արժեքները դեռևս պահպանած պետությունների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա։ Սակայն նման ճնշումները նույնպես կարող են որևէ արդյունքի չբերել, եթե ողջ ջանքերի համակարգման և ուժեղացման կիզակետում չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը՝ որպես իր հայրենակիցների և քաղաքացիների անվտանգության շահառու։
Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանվելու և վտարվելու դեմ պայքարող անձանց նույն արարքներում «մեղադրելը» պարզապես խեղաթյուրում է այն ամենը, ինչը կապ ունի «մարդ» և «իրավունք» հասկացությունների հետ և դեռևս 20-րդ դարում դրվել էր որպես սարսափելի հանցագործությունների կանխման և ողջ աշխարհում մարդու արժանապատվության երաշխավորման նպատակի հիմքում։
Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը։
ՔԻՀԿ