ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում մարտի 4-ին հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու և լսելու տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ոլորտի առաջատարների և առաջնորդների պատկերացումներն ու մտքերը:
Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG Connect) քաղաքականության ռազմավարության և իրազեկման գծով տնօրեն Թիբո Կլայների հետ, քննարկել ՀՀ և ԵՄ թվային փոխակերպման ծրագրերին, հեռահաղորդակցության քաղաքականության և կապի ներդրման հնարավորություններին (5G լայնաշերտ կապ, տվյալների կենտրոններ և այլն) և թվային ծառայությունների ներդրմանը վերաբերող հարցեր:
Նախարարի տեղակալն այցելել է նաև հեռահաղորդակցության ոլորտում առաջատար կազմակերպություն հանդիսացող հունական «Intracom Telecom» ընկերության տաղավար, հանդիպում ունեցել տնօրեն Քարթլոս Էդիլաշվիլիի և կոմերցիոն տնօրեն Կյուրակիոս Վերգոսի հետ: Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն անդրադարձել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ներկայացրել է նախարարության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն: Կողմերը քննարկվել են Հայաստանում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու հնարավորությունները, ՀՀ֊ում տաղանդերի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու և ծանոթանալու Հայաստանյան բուհերում և ուսումնական հաստատություններում ներդրված տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալն այցելել է նաև տեխնոլոգիական առաջատար «Ericsson» ընկերության տաղավար, հանդիպել ընկերության փոխնախագահ, հետազոտական ղեկավար Մագնուս Ֆրոդիգին: Ընկերության կողմից ներկայացվել են բջջային կապի ցանցերի, ռադիոյի, ծրագրային ապահովման համակարգերում վերջին նորարարական զարգացումները: Ռուբեն Սիմոնյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ տարվող աշխատանքներն ու այդ համատեքստում փոխգործակցության հնարավորությունները:
Օրվա ավարտին Սիմոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարության պետքարտուղար Հաքան Յևրելի հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այդ համատեքստում Հաքան Յևրելն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ՀՀ֊ում տեխնոլոգիական համակարգի զարգացմանը և եվրոպական շուկային արդյունավետ ինտեգրմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման հարցում:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է նաև Արգենտինայի և Բելգիայի ազգային տաղավարներ, զրուցել գործընկերների հետ, քննարկել համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն