Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ 301-րդ հոդվածը կպցնում էին վրաս, տունս հինգ անգամ ստուգում»․ Արամ Սարգսյանը Եռաբլուրում վրդովվեց

Մարտ 05,2025 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախից հետո, երբ Վազգենն Արցախն ազատագրեց, հոկտեմբերի 27-ը եղավ, դուք չեք հիշո՞ւմ՝ ինչ եղավ։ Արցախն ազատագրելուց հետո Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն անընդհատ պայքարել է։ Պիտի դուք դա շատ լավ հիշեք»,-Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-րդ տարեդարձի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելու ժամանակ լրագրողների այն հարցից հետո, որ սպարապետ Վազգեն Սարգսյանն Արցախ էր ազատագրել, իսկ ի՞նչ են անում այս իշխանությունները, վրդովվեց Վազգեն Սարգսյանի եղբայր` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա շարունակեց․ «Դրանից հետո ի՞նչ եղավ․ ավելի շատ գեներալներ տվեցին, քան կային լեյտենանտներ, այ, էդ գեներալները սկսեցին թանկարժեք մեքենաներով ման գալ, հետո այդ գեներալներն ու պաշտոնյաները սկսեցին հազար քառակուսի մետրանոց տներ ունենալ, հետո դրանից ավելի բարձր պաշտոնյաները սկսեցին Մոնումենտում հյուրանոցներ ունենալ, հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել, իսկ հիմայի մասին հարցրեք՝ ում ուզում եք»։

Լրագրողները հարցրին՝ կա՞ն հանցագործություններ, որոնք պատժվեցին, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Նախկին իշխանություններն ասում են, որ իրենց պատժում են, որ իրենք ամեն օր դատարաններում հարցաքննություն են տալիս։ Փաստաբաններն իրենց շահերը շատ լավ պաշտպանում են ի տարբերություն այն ժամանակվա դատարանների, որ զազրախոսության հոդվածով իմ ընկերներից 1200-ին միտինգից գողանում, տանում, նստեցնում էին։ Այն ժամանակ 301-րդ հոդվածը կպցնում էին վրաս, տունս հինգ անգամ ստուգում։ Իսկ հիմա դատարաններում են երկրորդ, երրորդ նախագահները, դուք ուզում եք, որ իրենց դատե՞ն»։

Լրագրողները փաստեցին՝ մեղադրական ակտ չկա, Արամ Սարգսյանը կրկին հուզական արձագանք տվեց․ «Ես դատավոր չեմ։ Մեղադրական ակտ չկա․․․ պիտի դատարանում էդ մարդիկ փաստաբաններ ունենալու իրավունք ունենան։ Իրենց իրավունքները պաշտպանում են, կարողանում են պաշտպանվել, չեն դատվում։ Դատախազներն այսօր ավելի թույլ են, քան այն փաստաբանները, որոնք աշխատում են իրենց համար, որովհետև մասնավորը շատ ավելի լավ է վճարում։ Այս երկրի արդարադատությունը լուրջ խնդիր ունի։ Ես խնդրի լուծումը չեմ տեսել դատական կարգի միջոցով, այլ ի սկզբանե ասել եմ, որ դա պետք է լինի ազգային համաձայնության գալու միջոցով։

Վազգենն ազատագրեց Արցախը, քանի որ երկրապահի հազար ու մի ջոկատների կարողացավ միավորել։ Այսօր էլ այստեղ է նաև միավորում։ ՀՀԿ-ն եկավ, Տարոն Մարգարյանի, Դավիթ Հարությունյանի հետ ողջագուրվեցինք, բարևեցինք։ Վազգենն այստեղ էլ միավորեց։ Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, Վազգենի հետ 1999-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, հետո Վազգենից հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք, այդ հարցերը իրենց տվեք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31