Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական, այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն բոլոր միջազգային հարթակներում եւ եթե անգամ ինչ-որ գաղտնի աշխատանք է տարվում, այն չպետք է բացառի հարցի հրապարակայնացումը, հրապարակային հայտարարությունները․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Լրագրողները հիշեցրել էին, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ հարցը հրապարակայնացնեն, այդ մարդիկ կարող է ընդհանրապես չվերադառնան Բաքվից։
Սեյրան Օհանյանը կարծում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է հոգատար վերաբերմունք դրսեւորեն գերիների ընտանիքների նկատմամբ, նրանց հետ անմիջական ու մշտական կապի մեջ լինեն․ «Մենք պետք է անընդհատ բարձրացնենք այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն օրինական են ընտրվել Արցախի ինքնորոշման ժամանակ, որ նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլեւ դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի Հայաստանի հանրապետություն»։
Սեյրան Օհանյանի համոզմամբ, 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո․ «Մի օր դրա դեմը պետք է առնել, իսկ դրա դեմն առնելու ամենառեալ, ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային»։
Սեյրան Օհանյանի բնութագրմամբ՝ լինելով հանցագործ ու ագրեսոր, Ադրբեջանն այսօր նաեւ այդ կեղծ դատավարություններով, փորձում է միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ զինանոցը կիրառել Հայաստանի նկատմամբ․ «Դա եւ բանակ չունենալու պահանջն է, եւ զինված ուժերի վերահսկողության պահանջն է, եւ մեր տարածքում գտնվելն է, եւ պարտադրանքով սահմանազատում, սահմանագծում իրականացնելն է, եւ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջն է Հայաստանում, եւ Սահմանադրության փոփոխության պահանջն է։ Ադրբեջանն այսօր փորձում է այդ սլաքներն ուղղել Հայաստանի դեմ։ Եթե ՀՀ իշխանությունները չպայքարեն, դրա դեմը չառնեն, ապա այդ սլաքներն ուղղվելու են անընդհատ։ Արդյունքում, մի օր կարող են հանգեցնել նոր ռազմական բախումների»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ