«Չի կարելի շղարշ ստեղծել, որ 2018-ին ՀՀԿ-ականները բաղձում էին Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալ ու չգիտեին ոնց տան․ պիտի իրենց դագաղները դնեի՞ն, ծաղկեպսակները դնեի՞ն, ԱԺ-ում էդ քաոսը ստեղծեի՞ն, պետական համակարգում էդ քաոսը նախաձեռնեի՞ն․․․ մենք վեր կկենայինք ու կգնայինք տուն, որովհետեւ Սերժ Սարգսյանը կառավարման փառահեղ տասը տարիներ է ունեցել՝ եւ արտաքին քաղաքականության, եւ ներքին կայունության ապահովման․ սա իմ համոզմունքն է եւ մեզ պետք չէր սեփական դագաղը դնել ու էդպես գնալ իշխանությունից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ տարակուսելով այն առիթով, որ շատերը հիմա կարծում են, թե 2018-ին Սերժ Սարգսյանը պետք է կրակեր ցուցարար մարդկանց վրա, որպեսզի փողոցները բացեր եւ իշխանությունը պահեր։
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն այս առիթով էլ բացատրություններ տվել է՝ ինքը չէր անի այն, ինչ-որ շատ էր ցանկանում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել, ինչի արդյունքում Ադրբեջանը լայնածավալ հարձակում կիրականացնի եւ միանգամից բոլոր հարցերը կլուծի։
Աննա Մկրտչյանը հիշեցնում է, որ 2021-ի ընտրություններին ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իշխանության գալու հավակնություններ չունի, «չենք եկել Ալենի հետ գործուղումների գնալու», խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելն է, ուստի քարոզարշավի ժամանակ իրենք նաեւ մարդկանց հորդորում էին՝ եթե «Պատիվ ունեմ»-ին չեն ընտրելու, «Հայաստան» խմբակցությանն ընտրեն։
Աննա Մկրտչյանը պնդում է՝ 2018-ից սկսած ՀՀԿ-ին անընդհատ մենակ են թողել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում, բայց ՀՀԿ-ն ցայսօր պայքարում է ու կրկին առանց հավակնությունների։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Ցուցարարները փողոցում 2018-ին կախում էին ՀՀԿ-ական գործիչների մահը խորհրդանշող սեւ ժապավեններ.