«Այսօրը փնտրեք հոկտեմբերի 27-ի մեջ և հետագա գործունեությունը՝ ինչ կատարվեց»,-Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա, դիմելով լրագրողներին, ասաց․ «Եկեք չքաղաքականացնենք։ Ես եմ խոսո՞ւմ, թե՞ ուղղություն ես ցույց տալիս»։
ԵԿՄ նախագահը վստահեցրեց՝ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի: Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բացահայտել հոկտեմբերի 27-ը, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Գործընթացն ընթանում է։ Մենք էլ կլինենք պահանջատեր, որ այդ գործը բացահայտվի։ Բոլոր հետևանքները գալիս են հոկտեմբերի 27-ից, որ մենք այս օրին հասանք»։
Լրագրողները փաստեցին՝ Վազգեն Սարգսյանն ասում էր բանակը սրբադասելու մասին, իսկ իշխանությունները պնդում են, որ չպետք է սրբադասենք, Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ղարաբաղյան պատերազմը պիտի հարգենք, Դուք ասում էիք՝ 2018-ի իրադարձություններն ավելի կարևոր են եղել, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Նման բան չեմ ասել, ասել եմ՝ ոչ պակաս»։
Կարդացեք նաև
Լրագրողներին դիմելով՝ Սասուն Միքայելյանն ասաց՝ ինչու դուք չգիտեի՞ք, որ թշնամին զինվում էր․ «Իրենք զինվում էին, իսկ մենք մարտական ոգում էինք, ջրերը տանում էինք ուրիշ դաշտ, ուրիշ իշխանության։ Պիտի բացահայտենք հոկտեմբերի 27-ը․․․Ես իմ հույսը չեմ կտրել Արցախից, այսօր երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները։ 2020-ից մինչև այսօր մենք դիրքերից դուրս չենք եկել։ Մեր այսօրվա գերխնդիրն է խելոք լինել գաղափարապես, որ հասնենք մեր ուզածին»։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, ինչ կատարվում է Բաքվի դատարանում, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Բոլորս պետք է պահանջենք, որ գերիները վերադառնան՝ երեք նախագահները, ՊԲ բանակի նախարարը, բոլորիս պարտքն ու ցավն է, որ մեր պետության երեք նախագահները գտնվում են այնտեղ»։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց վերադարձի հնարավորությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Գերեվարվելն էլ ուրիշ ընթացք է ունեցել, հավատացին ռուսներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ Արցախի նախագահները մասնակցում են Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին. 2023թ. ապրիլի 9