Մարտի 4-ի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների համատեղ նիստում Դոնալդ Թրամփը հանդես եկավ իր նախագահության երկրորդ ժամկետի առաջին ուղերձով։
Թեեւ նախկին տասնամյակների ընթացքում անգամ ընդդիմության ներկայացուցիչներն էին նախագահի ուղերձի ընթացքում ծափահարում նախագահի որոշ հայտարարություններին ի պատասխան, այս տարի դեմոկրատները նախընտրեցին լուռ մնալ, չարձագանքել Թրամփի որեւէ մեկնաբանության, բացի մեկ կոնգրեսականից։
Թրամփի ուղերձի առաջին րոպեներին Տեխասը ներկայացնող կոնգրեսմեն Ալ Գրինը հոտնկայս բողոքում էր նախագահի քաղաքականության դեմ։
«Դուք մանդատ չունեք առողջապահական սոցիալական նպաստներ կրճատելու», – վանկարկում էր Ներկայացուցիչների տան անդամը։
Կարդացեք նաև
Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը, որը նախագահում էր նիստը, Գրինին երկու անգամ զգուշացրեց դադարեցնել ակցիան, սակայն տեխասցին անտեսեց Ջոնսոնի հորդորները։
Խոսնակը անվտանգության աշխատակիցներին հրամայեց դուրս ուղեկցել Գրինին նիստերի դահլիճից, որը դահլիճի իշխանամետ հատվածը ծափերով ողջունեց՝ նրան «Goodbye (ցտեսություն – խմբ․)» ասելով։
Ալ Գրինը Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում նրա ամենացայտուն քննադատներից էր։ Նա առաջինն էր 2017 թվականին առաջ քաշել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հարցը։
Դահլիճից հեռացվելուց հետո Գրինը տեղեկացրել է, որ դժգոհ է Թրամփի առողջապահական քաղաքականությունից, մասնավորապես առողջապահական կարիքների ապահովման նպաստների կրճատումներից։
«Ես պատրաստ եմ կրել այն պատիժը, որը նախատեսված է այս արարքի համար։ Ես չեմ ասել՝ մի պատժեք ինձ։ Ես կընդունեմ իմ պատիժը, բայց պետք էր սա անել, որպեսզի մարդիկ իմանան, որ կան կոնգրեսականներ, որոնք կանգնելու են այս նախագահի՝ սոցիալական նպաստները կրճատելու որոշումներին հանդիման», – հայտնել է դեմոկրատը՝ նշելով, որ աշխատելու է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու ուղղությամբ, քանի որ նա «ի վիճակի չէ զբաղեցնել նախագահի պաշտոնը»։
Միջադեպից քիչ հետո Թրամփն իր ելույթում տարակուսել է․ «Եվս մեկ անգամ նայում եմ իմ դիմաց նստած դեմոկրատներին եւ հասկանում, որ չկա գեթ մեկ բան, որն ասելով՝ ուրախություն կպատճառեմ նրանց, որն ասելով՝ ոտքի կկանգնեն, որն ասելով՝ կժպտան կամ կծափահարեն։ Չկա»։
Թրամփը հավելեց, որ ինչ ձեռքբերում էլ գրանցի, դեմոկրատները չեն ողջունի։
«Հինգերորդ անգամ եմ այստեղ ելույթ ունենում։ Շատ տխուր է։ Չպետք է այսպես լինի», – նշել է նա։
Նիստերի դահլիճի հանրապետական հատվածը նախագահ Թրամփին պատասխանել է բարձր ծափերով, որից հետո Թրամփը դեմոկրատներին առաջարկել է համագործակցել ամերիկյան ընդհանուր շահերի սպասարկման համար։ Հանրապետականները կրկին ծափերով են արձագանքել: Դեմոկրատները պահպանել են լռությունը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ