Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Կարդացեք նաև
Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։ Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։
ՀՀ ԱԳՆ