e-draft հարթակում տեղադրված է Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը հաստատելու մասին նախագիծը, որը միանշանակ չի ընդունվել կինոգործիչների կողմից: Կինոյի մարդիկ մի շարք թերություններ են տեսնում այդ կանոնակարգում եւ ոչ հստակություններ:
Օրինակ, Արմինե Անդան, ի թիվս այլնի, գրել է, որ դեմ է դեբյուտային ֆիլմի տարիքային սահմանափակմանն ու պարզաբանել. «Ա․ Տարիքային սահմանափակումը մարդու իրավունքների խախտում է։ Բ․Հայաստանի Հանրապետությունում պրոֆեսիոնալը շատ դժվար է հասնում իր առաջին ֆիլմի նկարահանմանը, եւ դա իր մեղքը չէ, այլ բարենպաստ պայմանների բացակայության։ Գ. Հնարավոր է, որ շատ տաղանդավոր մեկը ուշ է գալիս ֆիլմ նկարահանելու գաղափարին կամ որոշում է կայացնում փոխել իր մասնագիտությունը։ Առաջին ֆիլմի նախագծով շատ դժվար է մրցել փորձառու ռեժիսորների հետ՝ անկախ տարիքից»։
Սերգեյ Պետրոսյանը, ի թիվս այլ դիտարկումների, գրել է. «Առաջին իսկ օրվանից ինձ համար անհասկանալի էր մրցութային երեք փուլ կազմակերպելը: Պետության, որպես աջակցողի տեսանկյունից պետք է պատրաստվի արտադրանք, որը ամբողջություն է: Օրինակ, ինչու զարգացման փուլի նախագծերը պետք է մնան պահոցում: Կապ չունի՝ ինչ պատճառ է:
Այլ կերպ ասած, «զարգացում» բաժինը պետական զբաղվածության կենտրոնի պես է աշխատելու: Երաշխիք չկա, որ ֆինանսավորված ՄԻԱՅՆ «զարգացումը» արդյունքում կդառնա ֆիլմ: Եթե այն լինի առանձին սցենարների մշակման փուլ, ու պետությունը գիտակցաբար ասի «այո, ես պատրաստ եմ տալ գումար միայն սցենարի համար, որը հնարավոր է ֆիլմի չվերածվի»՝ ընկալելի է, բայց երբ այն զարգացում է, նշանակում է, որ պետք է մտնի արտադրության մեջ:
Կարդացեք նաև
Կինոարտադրողի տեսանկյունից միգուցե դա անհասկանալի լինի, բայց պրոդուկտ ստեղծողի համար տրամաբանական: Ի վերջո, լինի դա արթ, լինի կոմերցիոն, միեւնույնն է՝ պրոդուկտ է, որը ցանկացած կինոարտադրող ցանկանալու է վաճառել: Պետությունը չի կարող այսպիսի բյուջեով իրեն թույլ տալ ֆինանսավորել «в стол», հատկապես, եթե նպատակը ոլորտի զարգացումն է»։
Մերի Աղախանյանը եւս պահանջում է վերացնել դեբյուտի համար նախատեսվող տարիքային սահմանափակումը՝ որակելով այն անհեթեթ, խտրական ու հակաիրավական։
e-draft հարթակում նախագծին դեմ է քվեարկել 31%-ը՝ 60 հոգի, կողմ է քվեարկել 69%-ը՝ 136 հոգի: Կանոնակարգի նախագիծը քննարկվել է փետրվարի 17-ից մինչեւ մարտի 4-ը:
Թեմայի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի կինոգործիչների միությունը նշելով, որ քվեարկության եւ դրա արդյունքների շուրջ կասկածներ կան։
«Կինոոլորտի մարդիկ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ եւ այլն, որոնք ակտիվ մասնակցել են փաստաթղթի քննարկումներին եւ շահագրգիռ են որակյալ փաստաթուղթ ունենալու հարցում, որը կնպաստի կինոյի զարգացմանը, չպետք է ունենան կասկածներ, մտահոգություններ նման կարևոր փաստաթղթի քննարկումների եւ դրա ընդունման հետ կապված։
Հայաստանի կինոգործիչների միությունը շահագրգիռ է, որպեսզի կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող փաստաթղթերը լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող, ունենան բարձր լեգիտիմություն, ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ եւ հնարավորինս փոխհամաձայնությամբ, և հորդորում է համապատասխան կառույցներին անել հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,-նշված է Հայաստանի կինոգործիչների միության հայտարարության մեջ։
Aravot.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հետեւյալը նշեց. «Կինոգործիչների համար նախ հատուկ քննարկում էր կազմակերպվել զումով, որոշում կայացրինք անդրադառնալ կանոնակարգի որոշակի կետերին եւ դրույթներին, որոնք խնդրահարույց էին կինոգործիչների համար, եւ համակարգային հարցերի վերաբերյալ մեր մեկնաբանությունները, որոնք կազմել էինք ներկայացնելու համար, ցավոք e-draft-ում տեղի ունեցած տեխնիկական խնդրի համար, որը բացահայտեցինք ուրբաթ օրը, չկարողացանք տեղադրել:
Միայն երկուշաբթի օրը արդարադատության նախարարությանը մեր բազմաթիվ զանգերից հետո ուշ ժամի կարգավորվեց խնդիրը, որի մասին կարող է փաստել նախարարի խորհրդական Լյովա Սարգսյանը, սակայն մենք այդպես էլ մեկնաբանություններ տեղադրելու եւ դեմ քվեարկելու առիթ չունեցանք, բայց ԿԳՄՍ նախարարին մեր առաջարկների փաթեթը կից ստորագրություններով ուղարկեցինք:
Մենք ականատես եղանք, որ վերջին պահին, երբ քվեարկությանը մնացել էր մեկ ժամ, կողմ քվեարկողների թիվը 3-ից հասավ 136-ի եւ գերազանցեց դեմ քվեարկողների թվին: Սա այն դեպքում, երբ բավականին վիճելի է կանոնակարգը, որտեղ կան բազմաթիվ հակասություններ Կինոյի մասին օրենքի եւ այլ փաստաթղթերի հետ, եւ այն ընդհանրապես չի արտահայտում կինոյի զարգացման եւ կինոգործիչների լավագույն շահը:
Ամեն դեպքում, հույս ունենք, որ առանձին փաթեթով ուղարկված մեր առաջարկությունները կդիտարկվեն, կանոնակարգը կվերանայվի:
Զարմանալի է նաեւ այն, թե նեղ մասնագիտական դաշտի համար կազմված այս կանոնակարգը հանրության համար ինչպես կարող էր նման հետաքրքրություն առաջացնել, որ նման քվեարկություն լիներ, երբ Հայաստանում փաստացի այդքան գործող կինոգործիչ չկա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ