«Հայաքվե». Անկախությունից հետո Հայաստանի և սփյուռքահայ հասարակական, մտավորական, գիտական շրջանակները մեծածավալ աշխատանք տարան Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության պատնեշը ճեղքելու ուղղությամբ։
Այդ ճեղքումն արդեն տեղի էր ունեցել։ Ռագըփ Զարաքօղլու, Իսմայիլ Բեշիկչի, Օրհան Փամուկ, Թաներ Աքչամ․․․ միջազգային հեղինակություն ունեցող թուրք այս և այլ մտավորականներն իրենց աշխատանքներում և հասարակական գործունեության մեջ դատապարտեցին իրենց նախնիների գործած ոճիրն ու ներողություն խնդրեցին հայ ժողովրդից դրա համար, ինչպես նաև դատապարտեցին թուրքական ժխտողականությունը։
Եվ ահա, տասնամյակների այս հետևողական ու ծանր աշխատանքը մի քանի հայտարարությամբ ջարդուփշուր է արվում։
Վարչախմբի կողմից Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացման արշավը շատ կոնկրետ նպատակներ ունի։ Վերջին ամիսներին ուժեղացել է Անկարայի և Բաքվի ճնշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում։ Վարչախումբը գործարք է առաջարկում նրանց․ հայերն ուրանում են ցեղասպանությունը, վերացնում իրենց պատմական հիշողությունը, դիմացը թուրքերից ստանում խոստում, որ ռազմական ճանապարհով չեն բացի միջանցքը, իսկ առավել երկարաժամկետում՝ երաշխավորում են վարչախմբի իշխանությունը՝ հեղափոխական իրադրությունների պարագայում ներխուժման սպառնալիքներ ստեղծելով։