«Իմ վարչակազմն ամեն օր աշխատում է` կատարելու այն փոփոխությունը, որն Ամերիկային պետք է։ Դա կբերի այն ապագան, որին Ամերիկան արժանի է։ Մենք անում ենք դա։ Սա մեծ երազանքների եւ վսեմ գործողությունների ժամանակն է», – Ներկայացուցիչների տան եւ Սենատի առջեւ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կուսակիցների բարձր ծափողջյունների ներքո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մուտք գործեց Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դահլիճ, որ տարեկան ուղերձով դիմի Կոնգրեսին։
Ավանդույթի համաձայն՝ նախագահի ելույթը հաճախ ընդհատվում էր աջակցող վանկարկումներով եւ երկարատեւ ծափահարություններով։
Տեխասցի դեմոկրատ Ալ Գրինը Թրամփի ելույթի մեկնարկին ոտքի է կանգնել եւ՝ խանգարելով Թրամփին, քննադատել նրա քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Ի հեճուկս խոսնակ Մայք Ջոնսոնի զգուշացումներին, Գրինը չդադարեցրեց իր գործողությունները։ Ջոնսոնը Կոնգրեսի անվտանգության աշխատակիցներին հանձնարարեց դուրս հրավիրել Գրինին նիստերի դահլիճից։
«Սա ռեկորդ է»
«Վերջին վեց շաբաթներին ես ստորագրել եմ ավելի քան 100 կարգադրություն, կատարել ավելի քան 400 գործադիր գործողություն։ Սա ռեկորդ է, նպատակը՝ վերականգնել տրամաբանված անվտանգությունը, լավատեսությունը եւ հարստությունը մեր հրաշալի հողի վրա», – ելույթի ժամանակ շեշտել է Սպիտակ տուն 43 օր առաջ վերադարձած Դոնալդ Թրամփը։
Նա հավելել է՝ «Ժողովուրդն ինձ ընտրել է գործն անելու համար, եւ ես անում եմ այն»։
Ըստ Թրամփի՝ նրա նախագահության առաջին ամիսն «ամենահաջողվածն է ազգի պատմության մեջ»։ Ի պատասխան՝ հանրապետականները ծափահարել են, դեմոկրատների մի մասը «Սուտ է», «Սխալ է», «Մասկը թալանում է» գրությամբ պաստառներ է ցուցադրել։
Չնայած նրա սուր հռետորաբանությանը, Թրամփը իր ուղերձի ժամանակ դեմոկրատներին առաջարկեց համատեղ աշխատել հանուն երկրի ընդհանուր շահի։ Դեմոկրատները անհաղորդ մնացին Թրամփի այս հայտարարությանը։
Ի՞նչ ելույթ էր սա
Միացյալ Նահանգների Սահմանադրության երկրորդ գլխի երրորդ հոդվածը նշում է՝ «Նա [նախագահը] ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին տեղեկատվություն տրամադրի Միության վիճակի մասին եւ նրանց [կոնգրեսականների] ուշադրությանը ներկայացնի միջոցներ, որոնք նա համարում է անհրաժեշտ եւ նպատակահարմար»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ