Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումատու դատավորն ակնկալում էր արդար դատաքննության խախտված իրավունքի վերականգնում

Մարտ 05,2025 13:00

Ըստ ՍԴ-ի՝ «հակասահմանադրականության վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել»

ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործի քննությունը: Նա մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար, այն է՝ բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով Ս. Գրիգորյանի խափանման միջոցը, վերջինս նաեւ դատավորի եղբոր ընկերն էր: Դատավորը, ով երկու տարուց ավելի անազատության մեջ էր, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ, այս ընթացքում կարողանում էր դիմել Սահմանադրական դատարան: Մենք տեղեկացրել ենք, որ նա վիճարկել է Երեւան քաղաքի նախկին դատավոր, կալանավորված Արուսյակ Ալեքսանյանի Սահմանադրական դատարան դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, հասցրել է վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը, 316-րդ հոդվածի 1-ին մասերի սահմանադրականության հարցը, իսկ անցյալ տարվա հունիսին կարճել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործի վարույթը:

Նրա հերթական դիմումի ճակատագիրը հայտնի դարձավ երեկ:

Փետրվարի 25-ին Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-29 որոշմամբ մերժեց:

Ըստ դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածը չի կարող համահունչ լինել Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակային ցուցիչ հանդիսացող «արդարացիության» բաղադրիչին՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության հիշյալ իրավանորմը չի նախատեսում բացառիկ վերանայման վարույթում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բովանդակային վերանայում:

Դիմումատուն նշել էր նաեւ. «Չնայած նրան, որ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշել է Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը նոր հանգամանքի, այն է՝ Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշման հիմքով վերանայել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի՝ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշումը որեւէ բովանդակություն չի պարունակել՝ այն մասին, թե ինչ պատճառով է, որ 2023 թվականի ապրիլի 26-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023թ. փետրվարի 23-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշման դեմ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի ներկայացրած՝ քրեադատավարական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքի խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին»:

Ինչ է ստացվում, ըստ նրա. «Այն դեպքում, երբ նոր հանգամանքի՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժով փաստվում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թույլ է տրվել դիմումատուի արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտում՝ դրսեւորված հիշյալ դատական ակտի չպատճառաբանվածության փաստով, ապա այս դեպքում ակնհայտ է այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է անվերապահ հիմք հանդիսանա՝ բացառիկ վերանայման արդյունքով կայացնելու այնպիսի որոշում, որը, թեեւ չի բեկանում բացառիկ վերանայման առարկա հանդիսացող դատական ակտը, սակայն վերականգնում է դիմումատուի՝ բողոքաբերի արդար դատաքննության խախտված իրավունքը»:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վիճարկվող 408-րդ հոդվածի, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, հակասահմանադրականության վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանը գտնում էր, որ Ալեքսանյանի անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատում, այլ` Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

ՍԴ աշխատակարգային մեկ այլ որոշմամբ գործի քննությանը անհնարինության հիմքով չի մասնակցել ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, քանի որ նա մասնակցել է մեկ այլ դատարանում այս գործի քննությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31