Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 4 որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարին կայացնել կրկնակի մրցույթ անցկացնելու մասին որոշում։
Ա. Պողոսյանը դիմում է ներկայացրել՝ Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցութային ընտրությանը մասնակցելու համար՝ դիմումին կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինքնակենսագրություն, մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը, առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը, բարեվարքության վերաբերյալ լրացված ձեւաթուղթը, իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին:
Ըստ հայցվորի՝ Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցութային ընտրության համար կազմակերպված մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովը մրցույթի փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման փուլը սկսելուց առաջ՝ 2023 թ. հուլիսի 11-ին, ժ. 11:00-ին գումարել է նիստ: Նիստում քննարկվելու էր հանձնաժողովի անդամ ընտրելու համար հավակնորդների համապատասխանության հարցը, անցկացվելու էր քննություն համապատասխանությունը ստուգելու համար: Արձանագրվում է, որ առողջապահության նախարարի թիվ 3411-Ա հրամանով ձեւավորված Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցութային ընտրության համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի 7 անդամից ներկա են 6-ը: Հանձնաժողովը քննության առնելով մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած 20 քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը, պարզելով, որ դրանք համապատասխանում են սահմանված պահանջներին, որոշում է թույլատրել մասնակցել հարցազրույցի փուլին 17 մասնակիցների: Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը հրապարակելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում Ա. Պողոսյանը ներկայացնում է դիմում-բողոք մրցութային ընտրության արդյունքների վերաբերյալ, սակայն այն մերժվում է: Ի դեպ, այդ հանձնաժողովում ընտրվել էին իրավաբան, հոգեբան, գիտաշխատողներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ…
Հայցվորի փաստարկներից մեկն այն էր, որ նշյալ մրցույթում որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատակիցը եւ ՀՀ առողջապահության նախախարի տեղակալը, այսինքն՝ հանձնաժողովի երկու անդամներ եղել են լիազոր մարմնից:
Կարդացեք նաև
Դատարանը, որը մերժել է հայցվորին, արձանագրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 17.06.2019 թվականի թիվ 1599-Ա հրամանով հաստատված «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կանոնադրության համաձայն՝ ընկերությունն ունի առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի կարգավիճակ, ընկերությունը չի հանդիսանում նախարարության կառուցվածքային ստորաբաժանում, հետեւաբար, ընկերության ներկայացուցիչը հանդես է եկել ոչ թե որպես ՀՀ ԱՆ ներկայացուցիչ, այլ որպես բժշկագիտության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ։ Իսկ նախարարի տեղակալի մասնակցության մասին դատարանը լռել էր: Այս տարվա հուլիսին վարչական վերաքննիչ դատարանում կքննվի բողոքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2025