Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, ամերիկյան իշխանություններին ու ժողովրդին` աջակցության համար
Անցյալ շաբաթ Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկու հանդիպման թեժ վեճին ողջ աշխարհն էր հետեւում: Սպիտակ տանը Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին քննարկում էին, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, բավական լարված ու թեժ անցավ` ուղիղ եթերում: Հանդիպումն, ի վերջո, ավարտվեց առանց որեւէ պայմանավորվածության: Չեղարկվեց հանդիպումից հետո նախատեսված համատեղ մամուլի ասուլիսը, նաեւ չստորագրվեց հանքերի շահագործման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը շաբաթներ էին բանակցել:
Ըստ արարողակարգի աշխատակիցների եւ Սպիտակ տան լրագրողների, իրենք երբեք նման բան չէին տեսել այս պատերի ներսում։ Սկզբում ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, սակայն մթնոլորտը լարվեց, երբ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահն սկսեցին Զելենսկուն մեղադրել անհարգալից ու անշնորհակալ լինելու մեջ, երբ Ուկրաինայի նախագահը նախ՝ ասաց, որ Վլադիմիր Պուտինը «մարդասպան» է, ում ոչինչ պետք չէ զիջել, ապա նշեց, որ թեեւ ԱՄՆ-ին Եվրոպայից գեղեցիկ օվկիանոս է բաժանում, միեւնույն է՝ այն եւս վաղ թե ուշ կզգա այս պատերազմի հետեւանքները:
Ի դեպ, 2 օր անց CNN-ը գրեց, որ Զելենսկին բազմիցս շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմի սկզբից ի վեր՝ երախտագիտություն հայտնելով Թրամփին եւ նախագահ Ջո Բայդենին, Կոնգրեսի անդամներին, ամերիկյան պաշտպանական ընկերություններին եւ նրանց աշխատակիցներին եւ ամերիկացի ժողովրդին: Լրատվամիջոցը 33 օրինակով ցույց էր բերել, թե ինչպես է 2022թ. հունվարի 21-ից մինչ օրս Զելենսկին շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, նրա պաշտոնյաներին կամ ժողովրդին աջակցության համար: Ի դեպ, փետրվարի 28-ին Զելենսկին Սպիտակ տնից հեռանալուց հետո եւս գրել էր X-ում. «Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար: Շնորհակալություն ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին եւ Ամերիկայի ժողովրդին: Ուկրաինային արդար եւ կայուն խաղաղություն է պետք, եւ մենք աշխատում ենք հենց դրա համար»:
Կարդացեք նաև
Ինչեւէ, Թրամփ-Զելենսկի հանդիպումից անմիջապես հետո Եվրամիության առաջնորդներն աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահին: Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X-ում գրեց՝ Եվրոպան Ուկրաինայի կողքին է եւ կավելացնի իր աջակցությունը, որպեսզի երկիրը շարունակի պայքարել ագրեսորի դեմ. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է հարկավոր։ Այս մարտահրավերը ստանձնելը մեր՝ եվրոպացիներիս պատասխանատվությունն է»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարեց՝ Զելենսկին իր արժանապատիվ կեցվածքով հարգում է ուկրաինացի ժողովրդի քաջությունը եւ հավաստիացրեց՝ Ուկրաինան շարունակական աջակցություն կստանա արդար եւ կայուն խաղաղության համար։ Ուկրաինային աջակցություն հայտնեցին նաեւ Կանադայի եւ Լեհաստանի վարչապետները, Գերմանիայի գործող կանցլերն ու Ֆրիդրիխ Մերցը, որը ըստ ամենայնի` կդառնա երկրի հաջորդ կանցլերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ասաց, որ կա ագրեսոր, որը Ռուսաստանն է եւ կա ագրեսիայի ենթարկված ժողովուրդ, որն Ուկրաինան է. «Կարծում եմ, որ մենք ճիշտ էինք, երբ երեք տարի առաջ օգնեցինք Ուկրաինային եւ պատժամիջոցներ կիրառեցինք Ռուսաստանի նկատմամբ եւ շարունակեցինք դա անել»:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք Սպիտակ տանը, լուրջ եւ հուսահատեցնող է: Ուկրաինան դեռ ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի, եւ Ուկրաինայի անվտանգությունն ու ապագան նույնպես կարեւոր են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար»,-նշել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտոյերը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ վեճից հետո իր երկիրը կկանգնի պատերազմից տուժած Ուկրաինայի կողքին: «Ուկրաինա, Իսպանիան կանգնած է ձեզ հետ»: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հարգելի ուկրաինացի բարեկամներ, դուք միայնակ չեք»:
Հանդիպումից հետո նախագահ Թրամփն իր սոցցանցում գրեց՝ Զելենսկու հետ զրույցից եզրակացրել է, որ նա պատրաստ չէ խաղաղության, ապա հավելեց՝ «Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի»: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն BBC-ին ասել է, որ ԱՄՆ նախագահի եւ Ուկրաինայի նախագահի միջեւ վեճն «ափսոսանք է պատճառում», եւ նրանք պետք է շտկեն իրենց հարաբերությունները: «Ես երկու անգամ հեռախոսով խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Ես նրան ասացի սա։ Մենք պետք է միասին մնանք՝ Միացյալ Նահանգները, Ուկրաինան եւ Եվրոպան, որպեսզի տանենք Ուկրաինան դեպի կայուն խաղաղություն»,- ասել է Ռյուտեն։ Ռյուտեն հավելել է, որ առանց ամերիկյան աջակցության Ուկրաինան «ոչ մի տեղ» չէր լինի։ «Ուստի ես ասացի նրան, որ մենք իսկապես պետք է Թրամփին արժանին մատուցենք այն ամենի համար, ինչ նա արեց այն ժամանակ, ինչ է արել Ամերիկան այդ ժամանակից ի վեր, եւ ինչ Ամերիկան շարունակում է անել», – նկատել է նա: Ռյուտեն նաեւ ընդգծել է, որ Թրամփը հավատարիմ է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն` «ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Եվրոպան եւ Կանադան ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա»:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցածին անդրադառնալիս` քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. «Դիվանագիտությունը ձախողվում է, երբ բանակցող գործընկերներին նվաստացնում են ողջ աշխարհի առջեւ: Սպիտակ տանը տեղի ունեցած տեսարանից շունչս կտրվեց: Ես երբեք չէի հավատա, որ մենք մի օր ստիպված կլինենք պաշտպանել Ուկրաինային ԱՄՆ-ից»։
Ձախողված ամերիկյան այցից հետո` դեպի Լոնդոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին ժամանեց Մեծ -Բրիտանիա, որտեղ հանդիպեց վարչապետ Քիր Սթարմերի եւ Չարլզ III թագավորի հետ։
Քիր Սթարմերը աջակցություն էր հայտնել Վլադիմիր Զելենսկիին՝ խոստանալով, որ Լոնդոնը օգնություն կտրամադրի Կիեւին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կա, Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն այդ մասին հայտարարել է Զելենսկու հետ իր նստավայրում բանակցությունների մեկնարկից առաջ։ Նա հավելել էր, որ Լոնդոնի նպատակն է հասնել «Ուկրաինայի համար կայուն խաղաղության՝ հիմնված ինքնիշխանության եւ անվտանգության վրա»։ Մեծ Բրիտանիայի վարչապետը խախտել էր ավանդույթը, ոչ միայն սպասել էր հյուրին իր նստավայրի շեմին, այլեւ գնացել է նրան դիմավորելու։
Սթարմերը Վաշինգտոնի ֆիասկոյից հետո Լոնդոն ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ժամանակ նրան ողջունելիս` ասել էր. «Դաունինգ սթրիթում ցնծացող ամբոխը ցույց տվեց, որ դուք լիակատար աջակցություն ունեք Միացյալ Թագավորությունում»։ Ըստ Սթարմերի` «Ուկրաինայի համար կայուն խաղաղությունը, որը հիմնված է Ուկրաինայի ինքնիշխանության եւ անվտանգության վրա, այնքան կարեւոր է Ուկրաինայի համար, այնքան կարեւոր է` Եվրոպայի համար եւ Միացյալ Թագավորության համար»:
Մոսկվան գոհ է Թրամփից
Իսկ Մոսկվայում, բնականաբար, գոհ էին վաշինգտոնյան սկանդալից: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակած գերատեսչության հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցը «լիակատար ձախողում» էր անվանել։ «Վ. Զելենսկու ոչ ադեկվատության, կոռումպացվածության եւ բանակցելու անկարողության մասին ռուսական կողմը բազմիցս հայտարարել է բոլոր մակարդակներով։ Հենց Կիեւի ռեժիմն էր, որ հրաժարվեց շարունակել բանակցությունները քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման շուրջ 2022թ. գարնանը՝ օգտագործելով կեղծիքներն ու մանիպուլյացիաները՝ արդարացնելու ռազմական գործողությունների շարունակությունը եւ արեւմտյան ռազմական եւ ֆինանսական օգնություն ստանալը։
Վ. Զելենսկին Վաշինգտոնում գտնվելու ընթացքում իր տգեղ, կոպիտ պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար՝ որպես մեծ պատերազմի անպատասխանատու հրահրող։ Բոլորը պետք է հասկանան, թե ինչքան միանշանակ են հնչում նման հարձակումները ահաբեկիչների առաջնորդի կողմից»,- նշված էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։
Նրա խոսքով, Զելենսկին, որին նա անվանել է «ցինիկ», որը «տարված է միայն իր յուրացրած իշխանությունը պահպանմամբ»։ «Այդ իսկ պատճառով` նա ոչնչացրեց ընդդիմությունը, կառուցեց տոտալիտար պետություն եւ անխնա մահվան է ուղարկում իր միլիոնավոր համաքաղաքացիների։ Ներկայիս քաղաքական պայմաններում, որոնք գնալով վատթարանում են Կիեւի վարչակարգի համար, այս գործիչն ի վիճակի չէ պատասխանատվության զգացում դրսեւորել եւ, հետեւաբար, տարված է պատերազմը շարունակելով՝ մերժելով խաղաղությունը, որն իր համար նման է մահվան։
Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Վ. Զելենսկուն ուղղված սթափեցնող նախատինքը, որն աննախադեպ է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտության պատմության մեջ, վկայում է նաեւ այն եվրոպացի առաջնորդների քաղաքական թուլության եւ բարոյական ծայրահեղ դեգրադացիայի մասին, ովքեր շարունակում են պաշտպանել նացիստական ռեժիմի խելագար առաջնորդին, որը կորցրել է իրականության հետ կապը։
Ինչպես նախկինում, մենք ելնում ենք այն փաստից, որ խաղաղության իսկապես արդար եւ կայուն ձեռքբերումը հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառների ամբողջական վերացման դեպքում։ Հիմնականը ՆԱՏՕ-ն չընդլայնելու Արեւմուտքի խոստումների խախտումն էր եւ Եվրոպայի ողջ աշխարհաքաղաքական տարածության կլանումը մինչեւ ռուսական սահմանները, ինչպես նաեւ Կիեւի վարչակարգի կողմից, ինչպես անցյալի գերմանացի նացիստների, ամեն ռուսականի` լեզվի, մշակույթի, եկեղեցու համակարգված լիկվիդացումը: Ուստի Ռուսաստանի անփոփոխ նպատակները մնում են Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, ինչպես նաեւ առկա իրողությունների ճանաչումը «տեղում»։ Որքան շուտ դա հասկանան Կիեւը եւ եվրոպական հայտնի մայրաքաղաքները, այնքան մոտ կլինի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը»,- ասվում էր հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին բարձր էր գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձեւակերպմամբ, «ողջախոհ» դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Միաժամանակ նա մեղադրել էր եվրոպական տերություններին, որոնք համախմբվել են Կիեւի շուրջ՝ «հակամարտությունը երկարաձգելու ձգտմամբ: Լավրովը նկատել էր, որ Միացյալ Նահանգները նախկինի պես ցանկանում է լինել աշխարհի ամենահզոր երկիրը, եւ որ Վաշինգտոնն ու Մոսկվան երբեք համաձայնության չեն գա ամեն ինչում, սակայն պայմանավորվել են պրագմատիկ լինել, երբ շահերը համընկնում են: «Դոնալդ Թրամփը պրագմատիկ է։ Նրա կարգախոսը ողջախոհությունն է։ Դա նշանակում է (դա բոլորն են տեսնում) անցում դեպի այլ գործելակերպի: Բայց նպատակը, միեւնույն է, «MAGA»-ն է (Make America Great Again)։ Այն ամենը, ինչ Դ. Թրամփը խոստացավ, արեց: Սա կենդանի, մարդկային բնույթ է հաղորդում քաղաքականությանը։ Դրա համար էլ նրա հետ հետաքրքիր է»,- ասել է Լավրովը։
Ըստ Լավրովի, Թրամփի թիմի անդամները՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «միանգամայն խելամիտ մարդիկ են՝ բառիս բոլոր իմաստներով»: «Նրանք չեն հրամայում մեզ, եւ մենք էլ նրանց չենք հրամայում։ Պարզապես, երկու լուրջ երկիր նստել են խոսելու, թե ինչն է որտեղ սխալ եւ ինչն է քանդել նրանց նախորդը վերջին չորս տարվա ընթացքում՝ ոչնչացնելով, առանց բացառության, շփման բոլոր ուղիները, սահմանելով մեծ քանակությամբ պատժամիջոցներ, որին հաջորդել է ամերիկյան ընկերությունների վտարումը, որոնք հարյուր միլիարդավոր դոլարների կորուստ են կրել»,- ընդգծել է Լավրովը։
Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պաշտպանական պայմանագիր կնքեցին
Ուկրաինան կստանա 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ G7-ի կողմից Ուկրաինայի համար եկամտի արտակարգ արագացման (ERA) նախաձեռնության շրջանակներում՝ պաշտպանական կարիքների համար: Ուկրաինական եւ բրիտանական կողմերը ստորագրեցին համապատասխան համաձայնագիր։ Արարողությանը ներկա էին Զելենսկին եւ Սթարմերը։ Հայտնի է, որ միջոցները G7 ERA մեխանիզմի մաս են կազմում՝ 50 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։ Վարկը կսպասարկվի եւ կմարվի ռուսական անշարժացված սուվերեն ակտիվներից ստացված ապագա եկամուտներից։
Լոնդոնում Զելենսկիի այցի օրը մեկնարկել էր Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, որին հրավիրված էին` Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ մի շարք այլ երկրների առաջնորդները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ նրանք պետք է օգտվեն այն պահից, որը բաժին է ընկնում մեկ սերնդի` Եվրոպայում անվտանգության ապահովման համար: Եվրոպացի պաշտոնյաները քննարկելու են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը:
Իսկ մարտի 6-ին Փարիզում ծրագրված է եվրոպացի առաջնորդի արդեն երրորդ հանդիպումը:
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2025