«Ամերիկայի ձայն». Եվրոպան փորձում է առաջատար դեր ստանձնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի դադարեցրել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը՝ անցած շաբաթ Սպիտակ տանը Զելենսկու հետ տեղի ունեցած սուր քննարկումից հետո:
Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար
«Կցանկանայի վերահաստատել Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը։ Մեզնից ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ցանկանում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղություն ձեռք բերելու համար
Կարդացեք նաև
Պատրաստ ենք արագ աշխատել պատերազմն ավարտելու համար, և առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը և օդում զինադադարը՝ հրթիռների, հեռահար անօդաչուների, էներգետիկ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբահարման արգելքը և անհապաղ զինադադարը ծովում, եթե Ռուսաստանը նույնն անի։
Այնուհետև, ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնեցնելու ամուր վերջնական գործարք
Իրոք, գնահատում ենք, թե որքան է Ամերիկան արել՝ Ուկրաինային օգնելու համար՝ պահպանելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հիշում ենք այն պահը, երբ ամեն ինչ փոխվեց, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային [հակատանկային] Javelins [համակարգեր] տրամադրեց: Մենք շնորհակալ ենք սրա համար:
[Անցած] ուրբաթ Վաշինգտոնում մեր հանդիպումը Սպիտակ տանը չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ուղղել: Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լինեն։
Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար ձևաչափով։ Այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես քայլ դեպի ավելի լայն անվտանգություն և անվտանգության ամուր երաշխիքներ, և ես, իրոք, հուսով եմ, որ այն արդյունավետ կաշխատի»,- X հարթակում ժամեր առաջ գրել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինական հարցում եվրոպական երկրների շրջանում նկատվում է անհանգստության աճ՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու միջև անցած շաբաթ տեղի ունեցած թեժ բանավեճից հետո
Այդ օրը՝ ուրբաթ, Սպիտակ տանն այդպես էլ չստորագրվեց ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը, որը Թրամփի պնդմամբ առանցքային է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու համար
Երկուշաբթի Թրամփը հանդես եկավ ավելի կոշտ մոտեցմամբ. «Պետք է գործարք կնքենք, և գործարքը կարող է շատ արագ կայանալ: Դա չպետք է լինի այդքան դժվար: Այն կարելի է շատ արագ պատրաստել։ Հավատում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել: Վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է գործարք կնքել»:
Երկուշաբթի Թրամփը հրապարակմամբ էր հանդես եկել սոցհարթակում՝ քննադատելով Զելենսկուն այն խոսքերի համար, թե ուկրաինական պատերազմը կարող է երկար տևել:
«Սա ամենավատ հայտարարությունն է, որ կարող էր անել Զելենսկին, և Ամերիկան դեռ երկար չի համակերպվի դրա հետ»,- գրել է Թրամփը:
Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել, թե որն է լինելու ԱՄՆ նախագահի հաջորդ քայլը:
Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Բորշչևսկայան ասում է. «Դեռ պարզ չէ, թե իրականում որն է Թրամփի ծրագիրը։ Հանգստյան օրերին պարզ դարձավ, որ Եվրոպան քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին զսպելու ուղղությամբ»:
Վաշինգտոնից Զելենսկին, ինչպես հայտնի է, մեկնեց Լոնդոն:
Երկուշաբթի Վեստմինսթերում Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկնեց Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու առաջարկը և հայտարարեց Ուկրաինայի համար նախատեսված հակաօդային պաշտպանության շուրջ 5 հազար հրթիռներ ձեռքբերելու նպատակով մոտ 2 միլիարդ դոլար հատկացնելու մասին։
«Ճի՛շտ է, որ Եվրոպան քայլեր է ձեռնարկում մեր մայրցամաքում խաղաղությանն աջակցելու համար: Բայց հաջողության հասնելու համար այս ջանքերը պետք է ունենան նաև ԱՄՆ զորեղ աջակցությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Երկուշաբթի Զելենսկին ևս հանդես եկավ հայտարարությամբ. «Կարծում եմ, հավասար մակարդակով [ԱՄՆ-ի] աջակցությունը կշարունակվի, քանի որ Ուկրաինայի ձախողումը միայն Պուտինի հաջողությունը չէ, դա Եվրոպայի ձախողումն է, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ձախողումն է։ Կարծում եմ՝ մենք բոլորս շահագրգռված ենք Պուտինին հաղթելու հնարավորություն չտալու հարցում»։
Արձագանքել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Նրանք ցանկանում են, որ պատերազմը շարունակվի։ Ուստի, այս իրավիճակում, իհարկե, Վաշինգտոնի ջանքերն ու միայն Մոսկվայի պատրաստակամությունը ակնհայտորեն չեն բավարարի։ Բացակայում է վճռորոշ տարրը»։
Զուգահեռաբար՝ Պեկինը նույնպես խնդրին աջակցելու ցանկություն է հայտնել։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ջիանն ասել է. «Չինաստանը ուկրաինական ճգնաժամի ստեղծողը կամ կողմը չէ, և մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են խնդրի խաղաղ կարգավորմանը: Հուսով ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կմշակեն կայուն լուծում, որը կփարատի միմյանց մտահոգությունները»:
Այս ամենի ֆոնին՝ երկուշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը «դադարեցնում և վերանայում է ԱՄՆ օգնությունը Ուկրաինային՝ համոզվելու, որ այն նպաստում է լուծմանը»:
Ինչևէ, սպասվում է, որ այսօր՝ իր նոր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ, նախագահ Դոնալդ Թրամփը ելույթը կունենա ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև։ Ակնկալվում է, որ կխոսի նաև Ուկրաինայի խնդրից։