Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են զրուցել գործադուլ հայտարարած առևտրականները Գյումրի հրավիրված ՊԵԿ պաշտոնյաների հետ

Մարտ 04,2025 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի միջնորդությամբ այսօր Գյումրի էին եկել ՊԵԿ պաշտոնյաները՝ հանդիպելու երեկ գործադուլ հայտարարած հագուստի տոնավաճառի առևտրականներին, որոնք դժգոհ են շրջանառության հարկի ավելացումից, ապրանքների գույքագրման պահանջից։

Նրանք հանդիպեցին Շիրակի մարզպետի առանձնասենյակում․ ի տարբերություն երեկվա, երբ Շիրակի մարզպետարան էին եկել մեծ թվով բողոքավորներ, այսօր նրանց թիվը չէր գերազանցում 7-ը։

Շիրակի մարզպետը նկատեց, որ ինքը կատարեց իր երեկ տված խոստումը․ ՊԵԿ-ի ներկայացուցիչներին հրավիրեց Գյումրի, սակայն առևտրականներն այնքան էլ հետաքրքրված չեն խնդրի լուծմամբ, քանի որ երեկվա 70-80 հոգու փոխարեն այսօր եկել են քչերը։

 

Զրույցը բավական թեժ մթնոլորտում էր․ ՊԵԿ ներկայացուցիչները բացատրում էին օրենքի փոփոխությունները, առևտրականները պնդում էին իրենցը։

Առևտրականներից մեկը դժգոհեց, որ օրենք գրողները 80 տոկոսով  չեն ըմբռնում, չեն պատկերացնում բիզնեսի կառավարման նրբությունները։

ՊԵԿ պաշտոնյաներին հիշեցրեցին, որ 5-10 տոկոս հարկումը վերաբերում է ոչ միայն առևտրի կենտրոններին, այլ  վարսավիրանոցներին, արտադրություններին, փոքր ծառայություններ մատուցողներին, որոնք ավել են հարկ տալու։

«Ենթադրենք 20 տոկոսով եկամտաբերությամբ աշխատող բիզնեսը 80 դրամով բերած ապրանքը վաճառում է 100 դրամ, ստացավ այդ եկամուտը, դրանից եթե դուք 10 տոկոս գանձում եք ամբողջ շրջանառությունից, ստացվում է 50/50, այսինքն դուք այդ մարդու եկամտի ոչ թե 10 տոկոսն եք տանում, այլ տանում եք ուղիղ 50 տոկոսը, եթե մարդը չի կարող փաստաթղթավորում ապահովել», ասացին ՊԵԿ պաշտոնյաներին։

Խոսակցությանը մերթընդմերթ միջամտում էր Շիրակի մարզպետը։

Նա ասաց․ «Վարսավիրանոցի, սպասարկման ոլորտի, այլ ծառայությունների համար, նույն էլ առևտրի ոլորտի համար ոչ մեկը չի ասում  5-ը 10 չի դարձել, բայց միևնույն ժամանակ բոլորս պիտի հասկանանք, եթե 10 հազար դրամ փող ես աշխատում, այդտեղից  հազար դրամ պիտի տաս պետությանը։

Եթե դու վարսավիր ես, մազ ես կտրելու ու օրվա վերջում 5000 դրամ փող ես վերցրել, 500 դրամ պիտի տաս պետությանը։ Եթե մանկավարժը 25 տոկոս հարկ է վճարում պետությանը, եթե բանվորը 20-25 տոկոս հարկ է վճարում պետությանը, 10 տոկոս հարկ վճարելը սոցիալական պատասխանատվությունն ու պարտականությունն է պետության հանդեպ։

Մենք էդ հարկերը  եթե չվճարենք, ասենք 5-ը 10 է դարձել, չվճարենք, բայց միևնույն ժամանակ պետությունից պահանջում ենք լավ դպրոց, լավ մանկապարտեզ, լավ թոշակ, լավ պաշտպանություն և այլն, և այլն։ Եկեք չզարմանանք, թե 1000 դրամից 100 դրամ պետությանն ինչու ենք մուծում, պիտի մուծենք»։

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանն էլ սկսեց մեկնաբանել  Հարկային օրենսգրքի փոփոխությունները։

Առևտրականներից մեկը, լսելով նրան, գեղարվեստական մի համեմատություն արեց․ «Ինչղ օր անապատում կանգնած էղնիս, պետությունը գա, քեզնից ջուր ուզե, կդառնաս, ջուր չկա, ի՞նչ էնես, մանավանդ հիմի»։

Նրանք պնդում էին, որ սարսափելի վիճակ է․ առևտուրը գրեթե կանգ է առած, իսկ պետությունը հարկերն է բարձրացնում։

Մանրամասները՝ Տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31