Նախագահ Թրամփը Երեւանի ժամանակով առավոտյան 06:00-ին ելույթով հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի եւ փոխնախագահ, Սենատի նախագահ Ջեյ Դի Վենսի նախագահությամբ։
Դոնալդ Թրամփը այս մասին լրիվ մեծատառերով գրառում է կատարել իր իսկ կողմից ստեղծված Truth Social հարթակում՝ հայտարարելով․ «Մեծ երեկո է սպասվում։ Ես ամեն ինչ կասեմ այնպես, ինչպես կա»։
Ինչո՞ւ է Թրամփը ելույթ ունենալու Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Սահմանադրության երկրորդ գլխի երրորդ հոդվածը նշում է՝ «Նա [նախագահը] ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին տեղեկատվություն տրամադրի Միության վիճակի մասին եւ նրանց [կոնգրեսականների] ուշադրությանը ներկայացնի միջոցներ, որոնք նա համարում է անհրաժեշտ եւ նպատակահարմար»։
Կարդացեք նաև
Թե ինչ բովանդակությամբ ելույթ է ունենալու ընդամենը 43 օր առաջ Օվալաձեւ աշխատասենյակ վերադարձած նախագահ Թրամփը, Սպիտակ տնից չեն մանրամասնում, սակայն ԶԼՄ-ներն ակնկալում են, որ Թրամփի ելույթի կենտրոնում լինելու է նրա «Առաջնահերթ Ամերիկան» քաղաքականությունը եւ դրա դրսեւորումները։
Հայտնի չէ, թե ինչ կասի նա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի մասին։ Փետրվարի 28-ին Սպիտակ տանը Թրամփն ու իր ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկին հրապարակային լեզվակռվի մեջ հայտնվեցին։ Այսօր արդեն Թրամփը որոշեց ժամանակավորապես կասեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը, քանի որ, ըստ Սպիտակ տան առաջնորդի՝ Զելենսկին չի ցանկանում խաղաղության հաստատում։
Տարեկան ուղերձի նախապատմությունը
Առաջին եւ երկրորդ նախագահներ Ջորջ Վաշինգտոնն ու Ջոն Ադամսը իրենց ուղերձները Կոնգրեսին մատուցել են ելույթի տեսքով, բայց Սպիտակ տուն Թոմաս Ջեֆերսոնի տեղափոխվելուց հետո նախագահներն իրենց ուղերձները գրավոր տեսքով սկսեցին ներկայացնել կոնգրեսականներին։
Վերին եւ ստորին պալատներին հղված ուղերձը որպես ելույթ 1913-ին վերականգնել է նախագահ Վուդրո Վիլսոնը։
Առաջին հեռարձակված ուղերձը Հարի Թրումանի ելույթն էր 1947 թվականին։
Ըստ ավանդույթի՝ նախագահը Կոնգրեսում այս ելույթով հանդես է գալիս տարին մեկ անգամ, սովորաբար գարնանը։
Պաշտոնավարման երկրորդ տարվանից սկսած նախագահի ուղերձն անվանում են «Միության վիճակի մասին զեկույց»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Թրամփի «Միության վիճակի մասին» 2020 թվականի զեկույցը