Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Գյումրու ընտրություններին կմասնակցի 99 հոգանոց ցուցակով․ 99-րդ տեղում Դավիթ Առուշանյանն է

Մարտ 04,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած 10-ից ավելի քաղաքական ուժեր հայտարարել են Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության մասին, շատերն էլ դեռ քարոզարշավը չսկսած՝ ցուցապաստառներ են փակցրել, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով մինչ այս պահը երեք քաղաքական ուժեր են ներկայացրել փաստաթղթերը։

Իսկ վաղը՝ մարտի 5-ին կլրանա առաջադրումների ժամկետը։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18․00-ը։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա հինգօրյա ժամկետում։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստաթղթեր ներկայացրել է՝ «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և քիչ առաջ իր փաստաթղթերն է ներկայացրել «Գյումրեցու որոշում» կուսակցությունը ներկայացնող Արտյոմ Թումանյանը։ Ի դեպ, «Կոմունիստական կուսակցությունը» ամենաառաջինն է առաջադրվել։

Վաղը լարված օր է սպասվում հանձնաժողովականների համար։

Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ իր փաստաթղթերը չի ներկայացրել, մեր տեղեկություններով, այն 99 հոգանոց ցուցակ է ներկայացնելու․ ենթադրելի է, որ ՔՊ-ն բոլոր քաղաքական ուժերի մեջ ամենաշատ թեկնածուներ ունեցողն է։

Մեր տեղեկություններով, Սարիկ Մինասյանի գլխավորած ցուցակը եզրափակում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, այսինքն՝ նա 99-րդ տեղում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նշելով գյումրեցի ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանին ու Էմմա Պալյանին, ինչպես նաև Շիրակի նախկին մարզպետ, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Հովհաննես Հարությունյանին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ տեղեկանք է վերցրել հաշվառման մասին, որպեսզի ՏԻՄ ընտրություններում լինի «Մեր Սարիկի» կողքին՝ ավագանու ցուցակում։ Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը թեժ է լինելու։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31