Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել իրեն այցելած ՄԻՊ-ի հետ

Մարտ 04,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելեց Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին եւ Վարդան Ավագյանին: Սակայն տիկին Թանդիլյանը հրաժարվեց նրա հետ հանդիպել:

ՄԻՊ-ը նրանց առողջական վիճակի, բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված տեղեկություններ ստացավ հացադուլին զուգահեռ անցկացվող նստացույցի մասնակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից:

Aravot.am-ը զրուցեց ՄԻՊ-ի հետ:

-Տիկին Մանասյան, դուք հիմա Ազատության հրապարակում եք եւ որքան հասկանում ենք, եկել եք Մանե Թանդիլյանին տեսակցելու:

-Այո: Քանի որ երեկ ըստ էության մտահոգիչ տեղեկություններ էին տարածվել հացադուլավորի առողջական վիճակի հետ կապված, բնականաբար, կարեւոր եմ համարել նաեւ ինքս ծանոթանալ իրավիճակին՝ հասկանալու համար, թե ինչ գործառույթներ, լիազորություններ կարող ենք իրացնել: Մասնավորապես, փորձեցի նաեւ մանրամասն տեղեկանալ շտապ օգնության ծառայության այցերի, բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցերի առնչությամբ: Բայց բացի դրանից ես տեղեկացրել եմ անձանց, որ ցանկացած պարագայում որեւէ պետական մարմնի հետ կապված եթե որեւէ հարց առաջ գա, կարող են այս ընթացքում մեզ հետ կապ հաստատել, եւ մենք, բնականաբար, մեր լիազորությունների շրջանում կիրացնենք մեր գործառույթները:

-Այսօր չորրորդ օրն է, որ տիկին Թանդիլյանը հացադուլ է հայտարարել: Դուք առաջին երեք օրը չեք եկել: Ո՞նց են իրացվում ձեր գործառույթները: Երբ որ իմանում եք, որ մարդը հացադուլ է հայտարարում, անմիջապե՞ս պիտի մոտենաք, թե՞ կարող եք սպասել մինչեւ առողջական վիճակը վատանա, հետո այցելեք:

-Ըստ էության, հացադուլների մասով մենք լիազորություններ ունենք բացառապես այն դեպքերում, երբ խոսքը փակ հաստատություններում անձանց կողմից հացադուլ իրականացնելու հետ է կապված: Այս դեպքերի առնչությամբ մենք ուղիղ լիազորություն որպես այդպիսին չունենք: Նաեւ այցելելու պարտություն որպես այդպիսին չունենք: Բայց քանի որ, ինչպես նշեցի, երեկ նաեւ մտահոգիչ տեղեկություններ էին տարածվել անձի առողջական վիճակի հետ կապված, ես կարեւոր համարեցի նաեւ հասկանալ, թե արդյո՞ք պետական մարմինները, որոնք այդ առումով իրավասություն ունեն՝ շտապ օգնության ծառայություն, բժշկական օգնության եւ սպասարկման լիազորություններ ունեցող իրավասու պետական մարմիններ, իրացնում են իրենց գործառույթը եւ ինչով մենք կարող ենք օգնել այդ ընթացքում:

-Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հայ գերիներին: Նրանց իրավունքների հետ կապված դուք որեւէ քայլ կատարո՞ւմ եք, թե չէ:

-Բնականաբար: Այդ մասին բազմիցս եմ նաեւ հրապարակային խոսել, հայտարարել: Այս առումով, կարծում եմ, բոլորը հասկանում են, որ քայլերը ոչ այնքան հրապարակային են, որքան միջազգային գործընկերների հետ իրականացվող հիմնականում խորհրդապահական քայլը: Բայց, իհարկե, իրականացնում ենք:

-Եվ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ակնկալիքը այն է, որպեսզի մարդու իրավունքների հետ կապված այս այս լրջագույն հարցերը պատշաճ մակարդակով հասցեավորվեն: Այդ թվում՝ միջազգային հարթակներում: Ես այսօր առավոտյան ողջունել եմ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, այդ թվում՝ հենց Բաքվում կամայականորեն պահվող եւ ազատությունից զրկված էթնիկ հայերի հետ կապված: Ես հույս ունեմ, որ միջազգային դերակատարները շուտափույթ արձագանք կունենան այս խնդիրների հետ կապված եւ արագ հնարավոր կլինի լուծում տալ հարցին:

-Հանձնակատարի հայտարարությունը կապված է ձե՞ր գործունեության հետ:

-Ես կխնդրեմ այս առումով հրապարակային որեւէ հայտարարություն ինքս չանեմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31